.jpg)
Քաղաքագետ.«Նման անհեթեթություն վաղուց Հայաստանում չէր եղել»
«Նման անհեթեթություն վաղուց Հայաստանում չէր եղել, որ ՀՀ գլխավոր դատախազը Սիվիլիթաս հիմնադրամը փորձում է պաշտպանել Օսկանյանից: Օսկանյանի գործը սկսվեց այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կոալիցիա չի կազմում: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ընդգծելով, որ, փաստացի իշխանությունը նախագահական ընտրությունների շեմին փորձում է Օսկանյանի միջոցով հարվածել, թուլացնել ԲՀԿ-ին. «Օսկանյանի միջոցով ճնշում, վախեցնում են ԲՀԿ-ին, որպեսզի այդ ուժն իր թեկնածուով հանդես չգա նախագահական ընտրություններին: Ծառուկյանն էլ իրեն պահում է նախագահի նման. այս հարցում մասնակցում են Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի թիմերը: Երբ Ս. Սարգսյանն իր խոսքն ասի, այդ ժամանակ կխոսի նաև Ծառուկյանը»:
Օսկանյանի հարցը, Ե. Բոզոյանի խոսքերով, իրավական հարթության մեջ քննարկելը ճիշտ չէ, քանի որ այն քաղաքական հարթության մեջ է:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ ճակատագիր է սպասվում Օսկանյանին, քաղաքագետը նշեց, թե վերջինիս ճակատագիրը կախված է մեր հասարակության պահվածքից. «Եթե հասարկությունն իրեն պասիվ ու մկան պես պահի, ապա իշխանությունը նույնիսկ կարող է գնդակահարել Օսկանյանին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա միայն ԲՀԿ-ի և Օսկանյանի խնդիրը չէ:
Եթե այս ամենը շարունակվի, ապա, քաղաքագետի կարծիքով, Օսկանյանի վարկանիշը կարող է կտրուկ բարձրանալ, և նա կարող է պոտենցիալ թեկնածու լինել նախագահական ընտրություններում:
Իսկ թե ինչպես կզարգանան հանգամանքները, պարոն Բոզոյանը նկատեց, թե սա պրոցես է և թե ինչ ուղղությամբ կգնա, դեռ չգիտի նույնիսկ իշխանությունը: Նա, սակայն, չբացառեց, որ նման գործընթացներ կլինեն նաև ՀՀԿ-ական գործիչների նկատմամբ: