Ի. Տոնոյան. Հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա
03/10/2012 18:32

Ի. Տոնոյան. Հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Ծառուկյանի դեմ ուղղված ստահոդ ու պրովոկացիոն հրապարակումների պատվիրատուներն անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և «այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա»:

«Վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ և պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են և ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին և նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին։ Վստահեցնում եմ, որ այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա՝ այդ թվում նաև քաղաքական։

Ավելի քան ակնառու է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե նմանօրինակ հրապարակումների պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ»,- ասված է հայտարարության մեջ: 

Ի. Տոնոյան. Հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա