.jpg)
Լ. Շիրինյան. Սա հարված էր ԲՀԿ-ին` Օսկանյանի միջոցով
Օսկանյանի գործը նախագահական ընտրությունների մեկնարկը տվեց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիրքորոշում հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Շարունակելով խոսքը` քաղաքագետը նշեց, որ իշխանություններն Օսկանյանի միջոցով զգուշացնում են ԲՀԿ-ին, որ նախագահական ընտրությունները մոտենում են և այլ թեկնածուներ պետք չեն:
Դիտարկմանը, թե մի՞թե Օսկանյանն էր ԲՀԿ-ի հավանական թեկնածուն, որով պետք էր զգուշացում անել, քաղաքագետը նկատեց, թե իր կարծիքով Օսկանյանն այն «ֆիգուրը» չէ, որ նախագահ կամ նախագահի թեկնածու լինի, սակայն սա հստակ մեսիջ էր` ուղղված ԲՀԿ-ին. «Իշխանությունը ձգտում է նախագահական ընտրություններին ընդառաջ թուլացնել ԲՀԿ-ին»:
Լ. Շիրինյանը չի կիսում տարածված տեսակետներից մեկը, թե այս հարցում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ներքին համագործակցություն ունեն. «Ցանկացած քայլ կարելի է նման ձևով վարկաբեկել. չեմ կարծում, թե ներքին համագործակցություն կա, սակայն նրանց միջև երկխոսություն կա»:
ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, Լ. Շիրինյանի բնորոշմամաբ, «նեռվերի կռիվ է»: Նա կարծում է նաև, որ մոտ ապագայում նման իրավիճակում կհայտնվի նաև ՀՀԿ-ից ինչ-որ մեկը. «Որպեսզի համաչափություն պահպանվի»:
Ամփոփելով իր խոսքը` քաղաքագետն ընդգծեց, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում պարտավոր է իր սեփական թեկնածուով հանդես գալ: