.jpg)
Հանձնարարական. Միշա Վանյանին ազատում են աշխատանքից
Այսօր խորհրդակցություն էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ:
Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որի հաշմանդամության տարբեր կարգեր ստանալու համար պահանջվող գումարը տատանվում է 15-150 հազար դրամի սահմանում: Պատահել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները հաշմանդամության կարգ են ստացել ծանոթների, բարեկամների միջամտության կամ զանգերի արդյունքում:
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանն այսօր կազատվի աշխատանքից: Այդ մասին հանձնարարական տվեց Տիգրան Սարգսյանը նախարար Արտեմ Ասատրյանին:
Վարչապետին տեղեկացրեցին նաև, որ ՀՀ շուրջ 65 հազար քաղաքացի տարեկան գումար է տալիս հաշմադամության կարգ ստանալու համար:
«Դուք հասկանո՞ւմ եք, որ մեր մասին, չինովնիկի մասին քաղաքացիները կարծիք են կազմում նման դեպքերի հանդիպելով: Հիմա այդ 65 հազար քաղաքացին ի՞նչ է մտածելու մեր մասին»,- ասաց վարչապետը, այնուհետև դիմելով նախարար Արտեմ Ասատրյանին, կառավարության ղեկավարը պահանջեց կադրային փոփոխություններ իրականացնել:
«Հենց այսօր ծառայության պետը պետք է ազատվի աշխատանքից»,-ասաց վարչապետը:
Միշա Վանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ինքն անականկալի է եկել նման արդյունքների ներկայացումից և չի կարող ասել, թե ինչ մեթոդներով են ուսումնասիրությունները կատարվել:
«Իմ համար անակնկալ էր, որ այդ ոլորտում նման իրավիճակ է և կոռուպցիան համատարած բնույթ է կրում»,-ասաց Վանյանը: