Վերանորոգվում է Հին Նորքը սնուցող ջրատարը
03/10/2012 17:59

Վերանորոգվում է Հին Նորքը սնուցող ջրատարը

Հոկտեմբերի 2-ին, երեկոյան «Երևան Ջուր» ՓԲԸ ահազանգ է ստացվում Նորք-Մարաշից ջրամատակարարման դադարեցման մասին: Ստուգմամբ պարզվում է, որ վթարվել է վարչական շրջանը սնուցող հիմնական, 500մմ տրամագծով թուջե ջրատարը, որով Կաթնաղբյուրից ջուր է մատակարարվում սպառողներին: Այս մասին հայտնել է «Երևան Ջուր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Մարաշ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գևորգ Հակոբյանի, անմիջապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ վթարի վայրի հայտնաբերման և դրա հետևանքների վերացման նպատակով:

Հին Նորքի Այգիներ փողոցում ի վերջո հաջողվում է հայտնաբերել խողովակի վթարված հատվածը՝ մոտ 12 մետր երկարությամբ, որի փոխարինման նպատակով կենտրոնացվում է պահանջվող տեխնիկա և մասնագետներ, խողովակներ ու այլ ծախսանյութեր:

Աշխատանքների արագ ընթացքին որոշակիորեն խոչնդոտում է նեղլիկ փողոցը, որի պատճառով տեխնիկան չի կարողանում ողջ հզորությամբ գործել: Շատ բան արվում է ձեռքով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում:

Այնուամենայնիվ, ըստ Գևորգ Հակոբյանի՝ արվում է հնարավորինս հոկտեմբերի 4-ին, առավոտյան ստորև նշված տարածքների ջրամատակարարման վերսկսման համար. Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 1, 2, 4, 5, 6, 8, 13, Այգիներ, Ամառանոցային և Ս.Խանզադյան փողոցներ, 7-րդ փողոցի 1-90, 9-րդ փողոցի 1-85, 11-րդ փողոցի 1-27, 55-85 համարներ և հարակից տարածքներ:

 

Վերանորոգվում է Հին Նորքը սնուցող ջրատարը