Ընդունվեց բյուջեի հաշվետվությունը
04/10/2012 19:32

Ընդունվեց բյուջեի հաշվետվությունը

Քյսօր  Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նախորդ օրն ընդհատված Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Հարակից ելույթով հանդես եկավ ֆինանսավարկային ևբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով ` 2011 թվականին ` հետճգնաժամային երկրորդ տարում, շարունակվեց տնտեսության վերականգնման գործընթացը, որն էլ արձանագրեց էական բարելավումներ: Ակնառու են արդյունաբերության 15,9 %, գյուղատնտեսության 13,7%, ծառայությունների 3,7% աճերը: Շինարարության ոլորտի անկումը հաշվետու տարում կազմել է 12,3 %: ՀՀ 2011 թվականի պետական բյուջեն եկամուտների մասով կազմել է 880, 9 մլրդ դրամ, ծախսերի մասով` 986, 59 մլրդ դրամ, իսկ պակասուրդ եղել է 105,7 մլրդ դրամ: Հարկային եկամուտների կազմում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ուղղակի հարկերի տեսակարար կշիռն ավելացել է:

Գագիկ Մինասյանի խոսքով` 2011-ին պահպանվեցին եւ զարգացան 2010-ի դրական միտումներն ու ձեռքբերումները: Բարձրացավ մակրոտնտեսական կայունության մակարդակը, խորացավ տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանը, ապահովվեցին տնտեսական աճի եւ գնաճի սահմանված ցուցանիշները:2011-ի պետական բյուջեն ապահովեց պետության հիմնական գործառույթների իրականացումը:

Հարակից զեկույցով հանդես եկավ նաևԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնածողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա առաջարկեց նախատեսել պահանջ, ըստ որի` բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ հանձնաժողովների նիստերին մասնակցեն նաեւ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները: Եվ քանի որ կառվարությունը բյուջեի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է ընթացիկ հաշվետվություն, օրենքով ամրագրել, որ Ազգային ժողովը կազմակերպի ընթացիկ քննարկում:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Աղվան Վարդանյանը: Խմբակցության քարտուղարն առաջարկում է բյուջեի կատարման հաշվետվության քննակման նոր մոտեցումներ որդեգրել, որպեսզի հասարակության համար առավել ընկալելի լինեն բյուջետային ցուցանիշները և  հասարակությունը կարողանա գնահատել կառավարության գործունեությունը: 
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ընդդիմադիր պատգամավորը քննադատեց կառավարության 2011-ի գործունեությունը` նշելով, որ այդ տարի միջին աշխատավարձն աճել է 5.9%-ով, մինչդեռ գներն աճել են 7.7%-ով, ուստի քաղաքացիները 1.8%-ով ավելի վատ են ապրել:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը 2011 թվականը ընդհանուր առմամբ գնահատեց որպես տնտեսության համար հաջողված տարի: Նախարարի խոսքով` 2011-ին տնտեսությունը դարձել է ավելի տրամաբանական եւ բալանսավորված: Տեղի են ունեցել ծավալային եւ կառուցվածքային փոփոխություններ, աճել է արտահանման ծավալը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` ԱՊՀ շրջանակում միակ ընդլայնողական քաղաքականություն վարող երկիրը եղել է Հայաստանը: Չնայած 2011-ը գնաճային էր, կային բացթողումներ ու թերություններ, այնուհանդերձ բոլոր ծրագրերն իրականացվել են:

Խորհրդարանը 70 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
 

Ընդունվեց բյուջեի հաշվետվությունը