Մխիթարյան. «Խանգարեց շտապողականությունը»
04/10/2012 18:59

Մխիթարյան. «Խանգարեց շտապողականությունը»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը championat.com-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յուվենթուսի» հետ հանդիպման մասին:
Հիշեցնենք, որ այդ մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

- Արդյունքը կարող էր ավելի լավը լինել, սակայն եթե հանդիպումն այդ հաշվով ավարտվեց, ուրեմն այդպես էր պետք: Հարկավոր է առաջ շարժվել, ինչպես նաև վերլուծել սխալները, որպեսզի հաջորդ խաղերում ավելի շատ գոլեր խփենք և ավելի քիչ բաց թողնենք: Ավելի լավ կլինի ընդհանրապես բաց չթողնել: Թուրինյան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, թեև մենք գոլային մի շարք հնարավորություններ ունեինք: Ցավում եմ, որ չհաջողվեց գոնե 1 անգամ էլ գրավել մրցակցի դարպասը:

- Ի՞նչ սխալների մասին է խոսքը:
- Նրանք կային, թեև չի կարելի ասել, որ կոպիտ սխալներ էին: Ֆուտբոլն առանց սխալների չի լինում: Ասում են` գոլային պահերը, որպես կանոն, վատ պաշտպանության արդյունք են: Իսկ «Շախտյորը» գոլային պահեր շատ ունեցավ և, ընդհանրապես, ավելի լավ հանդես եկավ:

- Ի դեպ, Միրչա Լուչեսկուն գոհ էր արդյունքից:
- Իսկապե՞ս: Դե ինչ, մարզիչն ավելի լավ գիտի: Միստերը խաղը դիտում է ոչ այնպես, ինչպես երկրպագուները: Այսպես ասած` նա չափում է խաղը սանտիմետրերով ու միլիմետրերով: Մենք խաղադաշտում զգում էինք ամեն վայրկյանը, փորձում էինք և ձգտում լավ հանդես գալ: Թուրին մեկնելիս չէինք մտածում «Յուվենթուսից» միավորներ կորզելու մասին, այլ միայն` հաղթելու:

- Ասում են` «Յուվենթուսի» մարզադաշտի տրիբունաների կառուցվածքը ճնշում է մրցակցին: Հատկապես երբ առաջին անգամ ես հանդես գալիս: Նման զգացողություններ կայի՞ն:
- Այո, տրիբունաները բարձր էին, սակայն չեմ կարող ասել, որ «Շախտյորի» համար դա հավելյալ դժվարություն էր: Իտալացի երկրպագուները լավ էին աջակցում իրենց թիմին, Դուք ինքներդ էլ երևի տեսաք, սակայն ազատ տեղեր շատ կային: Պատճառն անհասկանալի է, քանի որ «Ռոմայի» հետ խաղում մարզադաշտը լեփ-լեցուն էր: Մեր ուշադրությունից չվրիպեց նաև այն հանգամանքը, որ երկրպագուների պաստառները շրջված էին: Չեմ կարող ասել, թե դա ինչ էր նշանակում:

- Խաղից առաջ իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչները շատ էին խոսում անձամբ Ձեր մասին: «Յուվենթուսի» ճամբարում ևս հարգանքով էր նշվում Ձեր անունը: Անհատական ուշադրություն զգացե՞լ եք:
- Ես դրա վրա ուշադրություն չեմ դարձրել: Ինձ համար կարևոր էր թիմային խաղն ու լավ արդյունքի հասնելը: Թիմի հաղթանակից կարևոր բան ֆուտբոլում չկա: Լավ կլիներ, իհարկե, եթե մենք, այնուամենայնիվ, կարողանայինք հաղթանակ տոնել: Խաղի ընթացքում ևս առանձնահատուկ ուշադրություն իմ նկատմամբ չեմ զգացել: Կենտրոնացել էի Միստերի ասածների վրա, ուստի զբաղված էի նույն այն գործով, ինչը խաղադաշտում անում էին խաղընկերներս:

- Ի՞նչ կասես «Յուվենթուսի» պաշտպանության մասին:
- «Յուվեի» պաշտպանությունն իսկապես ուժեղ է: Այնտեղ հանդես են գալիս բարձրակարգ պաշտպաններ: Հատկապես կենտրոնում, որտեղ բոլոր 3 պաշտպաններն էլ Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են: Մեզ համար դժվար էր: Այնուամենայնիվ, անգամ նման պայմաններում կարողացանք բազմաթիվ գոլային պահեր ստեղծել: Հանդիպման վերջին 10 րոպեի ընթացքում 3-4 լավ հնարավորություն կորցրեցինք: Հնարավոր է` մեզ խանգարեց շտապողականությունը: Շատ էինք ցանկանում գոլ խփել և գրոհի ավարտական մասում շտապում էինք:

- Անձամբ Դուք 2 լավ հնարավորություն ունեիք, երբ Ձեր հարվածները մի փոքր շեղ ստացվեցին: Գուցե հարկավոր էր փոխանցո՞ւմ կատարել:
- Լավ դիրքում ոչ ոքի չտեսա: Անկեղծ ասած` հանդիպումից հետո անգամ հասցրել եմ դիտել իմ մասնակցությամբ դրվագների տեսագրությունը: Եվս մեկ անգամ համոզվել եմ, որ ճիշտ եմ գործել: Ցավոք, չստացվեց: Ես այնպիսի մարդ չեմ, որ փոխանցում չկատարեմ խաղընկերոջս: Երբեք չեմ հարվածի, եթե նկատեմ, որ խաղընկերս ավելի հարմար դիրքում է: Եթե փոխանցում չեմ կատարել, ուրեմն չեմ նկատել: 

Մխիթարյան. «Խանգարեց շտապողականությունը»