.jpg)
ԱԺ-ն վավերացրեց մի շարք պայմանագրեր
Այսօր Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Այնուհետև խորհրդարանը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախագծով սահմանվում է պետական տուրքի արտոնություն ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության վայրում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետությունում մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական գույքի գանձումից ազատելու խնդիրը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի խնդիրները նախագահի ուշադրության կենտրոնում են, և կառավարության առաջարկը պայմանավորված է Հանրապետության նախագահի հստակ հանձնարարականով:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական է:
Օրինագծի վերաբերյալ իրենց դրական դիրքորոշումը ներկայացրին ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նշելով այս դժվարին իրավիճակում օրինագծի կարևորությունը մեր սիրիահայ հայրենակիցների համար` պատգամավորները նաև տեղեկացրին, որ ԱԺ «ՀՀԿ» և «Օրինաց երկիր» խմբակցութունների անդամներն իրենց ֆինանսական օժանդակությունն են ցուցաբերում սիրիահայերի աջակցման նպատակով ստեղծված ֆոնդին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը պատգամավորների քննարկմանն առաջարկեց ՀՀ նախագահի ներկայացրած 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման /առեւանգման/ մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիրը, որը նպատակ ունի օդանավի զավթման դեպքում սահմանել հակաօդային պաշտպանության ուժերի համագործակցության ձևերը:
Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Խորհրդարանը քննարկեց նաև ՀՀ նախագահի ներկայացրած 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիրը, որը, ինչպես արտահայտվեց հիմնական զեկուցող Արա Նազարյանը, հետապնդում է մարդասիրական նպատակներ և ուղղված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացման համար իրականացվող համատեղ միջոցառումների աջակցմանը: Այս համաձայնագրի վերաբերյալ ևս ԱԺ գլխադասային` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այն ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը: