.jpg)
2012 թ.-ի Հայաստանում գործել է 94 հեռուստաընկերություն
Այսօր ԱԺ նիստում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Գրիգոր Ամալյանն տեղեկացրեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գործել է 94 հեռուստաընկերություն և 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է հանրապետական և մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 2040 և տարածքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 1233 օրերի ուղղակի դիտարկումներ: Հանձնաժողովը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթները խախտելու համար նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությանը:
ՀՀ քաղաքացիներից և կազմակերպություններից ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն ստացել և ուսումնասիրել է 31 դիմում-բողոք, որոնք վերաբերել են հեռուստառադիոընկերությունների հաղորդումների անորակ լինելուն, լեզվի անաղարտության խնդրին, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն և այլն: Մեկ բողոք վիճարկվել է դատական կարգով:
Ի պատասխան պատգամավորների հարցադրումներին` Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ գովազդի տևողությունը չպետք է գերազանցի օրենքով նախատեսված 14 րոպեն, այնինչ, բացի գովազդից, կան նաև այլ տիպի ընդհատումներ, որոնց ժամանակը սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում համապատասխան փոփոխություն կատարել:
Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում և ընդունվել է ի գիտություն:
Քննարկվող հարցի և հեռուստաեթերում տիրող իրավիճակի մասին տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն: Ելույթ ունեցող պատգամավորները հիմնականում մտահոգություն հայտնեցին կուսակցական հեռուստաալիքների գոյության, հեռուստահաղորդումների բովանդակային ու տեխնիկական թերությունների, հեռուստահաղորդումների ընտրության չափանիշների, եթերը հեղեղած անբովանդակ հեռուստասերիալների, մայրենի լեզվի աղավաղումների համար:
Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա անդրադարձավ 2010 թվականին հանրային հեռուստաընկերության կազմում ընդգրկված Հ1, Արարատ և արբանյակային ալիքների, ինչպես նաև ռադիոընկերության տեխնիկական և ծրագրային բարեփոխումներին` տեղեկացնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն առաջատար դիրքերում է եղել և ապահովել միջինացված ամենամեծ լսարանը:
Հարցի քննարկումն ընդհատվեց քառօրյա նիստերի` ԱԺ կանոնակարգով նախատեսված ժամանակն սպառվելու պատճառով: Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում: