.jpg)
Պայմանագիր՝ ԳՊԿ-ի և Thomson Reuters-ի միջև
Այսօր, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կնքվեց համագործակցության պայմանագիր կոմիտեի և Thomson Reuters ընկերության միջև: Այս մասին տեղեկացնում են կոմիտեի լրատվական ծառայությունից:
Երեք տարով կնքված պայմանագիրը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգտվելու Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսներից (http://webofknowledge.com): Նախքան պայմանագրի կնքումը, նշված ռեսուրսները մի քանի ամիս հասանելի էին հայ գիտնականներին՝ վերջիններիս հետաքրքրող տվյալների ուղղվածությունն ու պահանջվածությունը ճշտելու և ըստ այդմ պայմանագիրը կազմելու նպատակով:
Web of Knowledge-ի ռեսուրսները հնարավորություն են տալիս արագորեն գտնելու և վերլուծելու ճշգրիտ և հասարակական գիտություններին, ինչպես նաև արվեստին և հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումների մասին: Այս համակարգի միջոցով կարելի է նաև որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաեւ մեջբերվող հղումների որոնման եւ վերլուծման հզոր գործիքները` բոլորը մի պլատֆորմում: