Կայացավ Karabakhrecords.info կայքի շնորհանդեսը
04/10/2012 15:07

Կայացավ Karabakhrecords.info կայքի շնորհանդեսը

Karabakhrecords.info ինտերնետային կայքի յուրահատկությունն այն է, որ այստեղ առաջին անգամ և ամբողջականորեն ներկայացված են 1987-1992-թթ ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված ցեղասպան գործողությունների, ջարդերի և խաղաղ բնակչության բռնագաղթի վերաբերյալ փաստագրական նյութերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ կայացավ նաև կայքի շնորհանդեսը, հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Կայքի հիմնական նպատակներից է փաստերով հիմնավորված պատասխան տալ Ղարաբաղյան հակամարտության նախապատերազմական ժամանակաշրջանում և 1992-ին Մարաղա գյուղում տեղի ունեցածը խեղաթյուրելու և պատմությունը կեղծելու Ադրբեջանի փորձերին։ «Այս կերպ մենք փաստերի լեզվով միջազգային դիտորդների, մամուլի միջոցով ցույց ենք տալիս այն, ինչ տեղի է ունեցել: Սա քարոզչություն չէ, այլ ճշմարտության ներկայացում՝ ի պատասխան ադրբեջանական ստի, խեղաթյուրումների»,- ասաց Մ. Գրիգորյանը՝ հավելելով, որ մեր պատասխանը արխիվային փաստաթղերով է և փաստացի տվյալներով:

Նշենք, որ Кarabakhrecords.info ինտերնետային կայքը ստեղծված է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից 2009թ. նոյեմբերից։ Այս ժամանակահատվածում ստեղծվել է չորս փաստագրական ֆիլմ՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի դեպքերի և «Օղակ» գործողության մասին, որոնք նաև թարգմանվել են մի քանի լեզվով։
Կայքը ներկայացնում է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան՝ արխիվային փաստաթղթեր, հետաքննության և դատական գործընթացների նյութեր, լուսանկարներ և տեսագրություններ, ականատեսների և տուժածների վկայություններ, միջազգային կազմակերպությունների և փորձագետների գնահատականներ, ինչպես նաև տվյալ թեմայով մամուլի հրապարակումներ և գրքեր։

Շնորհանդեսին մասնակից «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանն էլ իր հերթին նշեց, որ նյութերի ծավալն այնքան մեծ է և ծավալուն, որ իրենք փորձել են կայքը հնարավորինս մատչելի կառուցել. կայքում նյութերը տեղադրված են ըստ տարեգրության, գրքերի, հոդվածների բաժիններով, «այսինքն նյութերը բաժաված են նաև ըստ կատեգորիաների»:

Ա. Ադիբեկյանը կոչ արեց ԶԼՄ-ներկայացուցիչներին նկարներ տեղադրելիս օգտվել հենց այս կայքից, որպեսզի խեղաթյուրումներ չլինեն:

Մասնագետներն ընդգծեցին, որ կայքը կոչված է օգնելու բոլոր հետազոտողներին, փորձագետներին և ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են տվյալ ժամանակահատվածը և ցանկանում են օբյեկտիվ տեղեկություններ ստանալ Ղարաբաղյան հակամարտության պատմության վերաբերյալ։

Կայքի նյութերը ներկայացված են տարբեր լեզուներով, հեղինակային իրավունքները պաշտպանված են, իսկ կայքը պարբերաբար թարմացվելու է։

Ինչ վերաբերում է Կենտրոնի կողմից նկարահանված ֆիլմերի հաջողությանը, Մ. Գրիգորյանը նշեց, որ այն պահանջված է. «Ու որքան ժամանակն անցնում է, ֆիլմերն ավելի պահանջված են դառնում ու նաև հաջողություններ գրանցում»:

Կայացավ Karabakhrecords.info կայքի շնորհանդեսը