.jpg)
Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնել ՏՏ ոլորտի լավագույներին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում մրցանակներ հանձնեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի ամենամայա կրթական պարգևի արժանացած մրցանակակիրներին:
Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին են արժանացել 40 լավագույն ուսանողներ և աշակերտներ:
Մրցանակաբաշխությանը մասնակցել է 121 ուսանող` 5 համալսարաններից, և 70 աշակերտ` 7 վարժարաններից ու դպրոցներից:
Նախագահի պարգևը շնորհվում է բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների:
Պարգևների արժանացող թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է համաձայն «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի:
Այսօր ՀՀ Նախագահի ձեռքից մրցանակ ստացած Վարդգես Սուրենյանը, ով սովորում է Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանում, ստացել է ՀՀ Նախագահի մրցանակը` որպես լավագույն աշակերտ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Հրաչյա Քոչարյանը` «Քվանտ» վարժարանի միջազգային բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողը, նշեց, որ իր կողմից ստացված մրցանակը տվեց ավելի շատ պատասխանատվություն` ապացուցելու, որ ինքը կարող է անել ավելին: Այսօր շատ հպարտ է, քանի որ Նախագահից լսել է շնորհավորական և գովասանքի խոսքեր:
Հ. Քոչարյանն ասաց, որ պատրաստվում է դառնալ տնտեսագետ և օգուտ բերել պետությանը: