Սաֆարյան. Քոչարյանի հայտարարությունը մեղմացրեց Օսկանյանի վճիռը
04/10/2012 19:14

Սաֆարյան. Քոչարյանի հայտարարությունը մեղմացրեց Օսկանյանի վճիռը

Վարդան Օսկանյանի հետ կապված վերջին իրադարձությունները փոքր-ինչ թուլացրեցին «Բարգավաճ Հայաստանի» դիրքերն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հույսերը: Լրագրողների հետ հանիպման ժամանակ նման դիրքորոշում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: 

Կատարվող իրադարձությունները, Սաֆարյանի կարծիքով, ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ Նախագահ Սերժ Աարգսյանի միջև լարվածություն կա. «Այդ դիմակայությունն, ըստ էության, նոր չէ։ Դա գալիս է նրանից, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը, ինչը սկիզբ առավ այն ժամանակ, երբ Քոչարյանը փորձում էր ձեռքբերել վարչապետի պաշտոնը»:

2008-ին Ռ.Քոչարյանը, ինչպես  ասաց նախկին պատգամավորը,  հույս ուներ, որ իրեն կհաջողվի Հայաստանում իրականացնել Ռուսատսանի սցենարը և վերադառնալ երկրի ղեկավարությանը` վարչապետի պաշտոնի միջոցով, սակայն հետզհետե դա դարձավ անհնարին. «Նախագահ Սագսյանը Քոչարյանին պատասխանեց ոչ թե «ոչ», այլ` «ոչ հիմա»»:

ՀՀ  երկրորդ նախագահի հայտարարությունը` կապված Օսկանյանի հետ, ցույց տվեց, որ  Քոչարյանը դեռ պատրաստ չէ վերադառնալ ակտիվ քաղաքականության. «Քոչարյանն իր ելույթում պարզ արտահայտեց, որ ինքը պատրաստ չէ, իսկ ՀՀԿ-ն իր արարքով ցույց տվեց, թե ով է իրականում շարունակում իրավիճակի տերը մնալ, որը հանրապետականների համար շատ ավելի կարևոր է, քան Վարդան Օսկանյանին նախագահների ցանկում տեսնելը»:

Քննադատություններից խուսափելու համար, ըստ նախկին պատգամավորի,   ՀՀԿ-ն կփորձի ինչ-որ զոհողությունների գնալ, սակայն իրավիճակն, ըստ էության, չի փոխվի. «Հնարավոր է, որ որոշ ճնշումների ներքո  ՀՀԿ-ն  զոհաբերի այնպիսի ֆիգուրների, որոնք անկառավարելի ու անհնազանդ են»:

Ամփոփելով խոսքը` Ս. Սաֆարյանը նշեց, որ, այնուամենայնիվ, Քոչարյանի հայտարարությունը մեղմացրեց Օսկանյանի դեմ վճիռը. «Քոչարյանի պատասխանը մասամբ հիշեցնում էր կոչ, որպեսզի Օսկանյանի դեմ դադարեցվեն հետապնդումները։ Եվ, այնուամենայնիվ, այդ պատասխանը շատ թույլ էր»:

Սաֆարյան. Քոչարյանի հայտարարությունը մեղմացրեց Օսկանյանի վճիռը