«Թուրքիան է վիժեցնում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը»
04/10/2012 11:19

«Թուրքիան է վիժեցնում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը»

Շվեյցարացի պատգամավորների հետ քննարկվել են հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

 

 


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին:

Ողջունելով հյուրերին կառավարությունում Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում, այդ թվում տնտեսական: Երկու երկրների խորհրդարանականների հանձնաժողովը հնարավորություն է տալիս քննարկելու հայ-շվեյցարական համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր, ինչը շատ կարևոր է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում ներկայում գործում են շվեյցարական կապիտալով 40 ընկերություններ, որոնց թիվը չի համապատասխանում երկկողմ համագործակցության ներուժին:

Այդ համատեքստում, զրուցակիցները հետաքրքրական համարել են երկկողմ համագործակցությունը ֆինանսական, զբոսաշրջության բնագավառներում, քննարկել նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի հնարավոր կազմակերպմանն առնչվող հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարական զբոսաշրջային տուրօպերատորների հետ հնարավոր կապերի հաստատումը՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու համատեքստում:

Շվեյցարացի պատգամավորները նշել են, որ իրենց նպատակն է ավելի սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ակտիվացնել և ընդլայնել երկկողմ կապերը և նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2003 թվականին Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:

Հյուրերի հարցին ի պատասխան՝ վարչապետն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ հիշեցրել է, որ Թուրքիան չի պահպանել իր քաղաքական պարտավորվածությունը և չի վավերացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները: Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ հենց Թուրքիան է վիժեցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը ևս դա կանի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին և մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

«Թուրքիան է վիժեցնում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը»