.jpg)
Սամվելյանին նշանակվեց 4 ամսվա կալանք և 200000 դրամի տուգանք
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ կայացվեց հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձի համար կալանավորված փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատավճիռը: Նշենք, որ պաշտպանի միջնորդությամբ, այն ընթացել է արագացված ընթացակարգով:
Դատարանի վճռով Վ.Սամվելյանին նշանակվեց 4 ամսվա ազատազրկում, որի կրման սկիզբը հաշվում է հուլիսի 1-ից, և 200 հազար դրամի չափով տուգանք` որպես մեղմացուցիչ հանգամանք նկատի ունենալով այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, նախկինում դատված չի եղել, նրա խնամքին տակ են գտնվում երկու անչափահաս երեխաներ, որոնցից մեկը մինչև 14 տարեկան, ինչպես նաև` նրա դրական բնութագիրը:
Պաշտպան Հովհաննես Հարությունյանը Aysor.am թղթակցի հարցին, արդյոք վճիռը իր համար սպասելի՞ էր, պատասխանեց, որ ինքը ավելի մեղմ պատիժ էր ակնկալում, սակայն չի պատրաստվում բողոքարկել այն:
«Արագացված դատաքննության դեպքում մենք իրավունք չունենք բողոքարկել դատավճիռը արարքի որակման մասով, իսկ 4 ամիսը բողոքարկելու իմաստ չկա»,- ասաց նա:
Նշենք, որ Վարդան Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 68617 զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ , 2005-2008 ընթացքում ծառայելով ՀՀ ՊՆ 51036 զորամասում որպես գումարտակի հրամանատար, Տավուշի մարզի սահմանամերձ տարածքից գտնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակահատվածից մնացած ռազմթերք հանդիսացող 40 հատ 9 մմ տրամաչափի «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության /9. 18 ՊՄ/ փամփուշտներ, «Ջ-1» տեսակի մարտական, հարձակողական, ձեռքի բեկորային նռնակ իր պայթուցիչով, «Զ-1» տեսակի ձեռքի նռնակի համար նախատեսված պայթուցիչ, 3 հատ գործարանային արտադրության 400գ տրոտիլային գլանակներ, 2 հատ գործարանային արտադրության 200գ տրոտիլային գլանակներ, 8 հատ «ԿԴ-8Ա» տեսակի գործարանային արտադրության կապսուլ-դետոնատոր և «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լար, դրանք ապօրինի տեղափոխել Երևան քաղաքի Խորենացի 49 շենքի բակում գտնվող, իրեն օգտագործման իրավունքով պատկանող թիվ 119 ավտոտնակ և ապօրինի պահել այնտեղ:Նույն վայրում պահել է նաև ավտոնոմ հոսանք ստանալու համար նախատեսված «ПЗУ -5М» տեսակի շարժական լիցքավորման սարք և սառը շեղբավոր զենք հանդիսացող «SWFL2C» մոդելի ծալովի դանակ: 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում թիվ 119 ավտոտնակից վերցրել է վերը նշված զինամթերքը, սարքը, սառը զենքը և դրանք ապօրինի փոխադրել Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: