.jpg)
Ընդդիմադիր ընտրողների մոտ մրցունակ է Գագիկ Ծառուկյանը
Առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուներից առաջատար է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 35,6 տոկոս, ապա` Գագիկ Ծառուկյանը` 31,8 տոկոս: «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած սոցհարցումների թվերը լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի իշխանական կոալիցիայից դուրս գալը և ընդդիմության չմիանալը վերադասավորել է ընտրողների տեղաբաշխումը քաղաքական դաշտում, նվազել է իշխանամետ և ընդդիմադիր դաշտը, աճել է դեռ չկողմնորոշվածների թվաքանակը: Ըստ վարկանիշների, իշխանամետների մոտ առավել մրցունակ է Սերժ Սարգսյանը, ընդդիմադիրների մոտ` Գագիկ Ծառուկյանը: Նախագահական ընտրությունների մեկնարկում 60 տոկոս իրական ձայներից Գ. Ծառուկյանին հասնում է ընդդիմադիր և կենտրոնամետ դաշտերի 19,1 տոկոսը, Սերժ Սարգսյանին` իշխանական դաշտի 21,4 տոկոսը, այսինքն` 60 տոկոս ակտիվ ընտրողների 40,5 տոկոսը նախընտրում է երկուսից մեկին:
Ա. Ադիբեկյանն ասաց, որ հարցման արդյունքում պարզվել է, որ իշխանական թևը հոգեբանական առավելություն ունի ընդդիմադիր թևի նկատմամբ, և այն ավելի է մեծանում, երբ անընդհատ հնչում է, թե իշխանությունը հենվում է «ադմինիստրատիվ ռեսուրսների», «ընտրողների զանգվածային կաշառման», «սարսափի մթնոլորտի» և նման բաների վրա, երբ ձգտելով քողարկել հաղթելու սեփական անկարողությունը, դրանով իսկ իրենց համակիրների և տատանվողների մոտ պարտվողական տրամադրություններ են առաջացնում:
Նշենք, որ հարցումն անցկացվել է սեպտեմբերի 15-16-ին և 21-22-ին, բոլոր մարզերի 3250 ընտրական իրավունք ունեցողների շրջանում: Ըստ Ա. Ադիբեկյանի, կանխատեսվում է, որ ընտրություններին կմասնակցեն ընտրողների 65-67 տոկոսը: