Պատմամշակութային արժեքների թեման քննարկվել է Էջմիածնում
08/10/2012 18:37

Պատմամշակութային արժեքների թեման քննարկվել է Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:

Էջմիածնի տեղեկատվական համակարգից փոխանցում են, որ հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը Նորին Սրբության ներկայացրեց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաև ուրախություն է հայտնել Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով:

Ողջունելով կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների այցը հայոց հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը կարևորել է կազմակերպության առաքելությունը` ի խնդիր պատմական քաղաքների հոգևոր-մշակութային արժեքների պահպանության: Խոսելով Հայաստանի պատմամշակութային արժեքների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում յուրահատուկ վերաբերմունք է դրսևորել իր արժեքների նկատմամբ և, հակառակ դարերի ընթացքում կրած կորուստների և ավերածությունների, ջանք չի խնայել վերականգնելու և նորոգելու իր սրբավայրերն ու պատմական հուշարձանները: Անդրադառնալով հարուստ պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցառումներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ Եկեղեցին իր սուղ միջոցներով անում է հնարավորը` հայրերից ստացած ժառանգությունն անխաթար ու ամուր պահելու և այն նոր սերունդներին փոխանցելու համար:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով Էջմիածին քաղաքի և կազմակերպության միջև ձևավորված համագործակցության առիթով, վերստին իր գնահատանքն է հայտնել ներկաներին` համամարդկային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար:
 

Պատմամշակութային արժեքների թեման քննարկվել է Էջմիածնում