.jpg)
Վոլֆգանգ Բյորնզենին հյուրընկալվել է ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում:
Կողմերը, աղբյուրի հաղորդմամաբ, գոհունակությամբ փաստել են վերջին շրջանում միջխորհրդարանական փոխայցերի և փոխշփումների ակտիվացումը, կարևորել երկու խորհրդարանների միջև գործակցության խորացումը, բարեկամական խմբերի միջև շփումները: Անդրադարձ է կատարվել նաև «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին, որը Հայաստանում գործում է 1998թ.-ից և տվել է իր դրական արդյունքները: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հայ ուսանողներ պրակտիկա են անցել Բունդեսթագում և իրենց ձեռք բերած գիտելիքները հաջողությամբ կիրառում են տարբեր ոլորտներում:
Աղբյուրը նշում է, որ հաջորդ տարվանից, երկու խորհրդարանների նախագահների պայմանավորվածության համաձայն, գերմանացի ուսանողներին ևս հնարավորություն կընձեռնվի պրակտիկա անցնել Հայաստանի խորհրդարանում:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: