Սիրիական ծրագրով դպրոցը կհեշտացնի սիրիահայ երեխաների ուսուցումը
08/10/2012 19:01

Սիրիական ծրագրով դպրոցը կհեշտացնի սիրիահայ երեխաների ուսուցումը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երևանի Նար –Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով ստեղծվել է հիմնական հանրակրթական դպրոց 1–9 րդ դասարանների աշակերտների համար։ Հայտնում են քաղաքապետարանից:

Դպրոցի գործունեության և կրթական ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս քաղաքապետարանի պատրաստակամությունն է հայտնել սիրիահայ երեխաների կրթության հետ կապված խնդիրների լուծման և աջակցման հարցում. «Սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոցը էլ ավելի դյուրին կդարձնի սիրիահայ երեխաների ուսուցումը Երևանում։ Սիրահայ ընտանիքները առաջին իսկ օրվանից եղել են մեր ուշադրության կենտրոնում և այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որ մեր հայրենակիցները Երևանում իրենց զգան ինչպես տանը»,-նշել է քաղաքապետը, հավելելով, որ արդեն իսկ սիրիահայ ընտանիքների 58 երեխա Երևանի ավագանու որոշմամբ անվճար հաճախում են մանկապարտեզ:

Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հատկանշել է Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հատուկ վերաբերմունքը սիրիահայ ընտանիքներին աջակցելու հարցում:
 

Սիրիական ծրագրով դպրոցը կհեշտացնի սիրիահայ երեխաների ուսուցումը