.jpg)
Նախարարությունում քննարկվել են բնապահպանական հարցեր
«Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Խորհրդի նախագահության անդամների և մարզային կառույցների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար Արամ Հարությունյանը ողջունելով խորհրդի անդամների նախաձեռնությունը՝ նշել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկման. «Ես ցանկանում եմ, որ մեր հետագա գործունեության ընթացքում դուք տեղեկացված լինեք և ցանկության դեպքում կարող եք մասնակցել մասնագիտական քննարկման մակարդակով»:
Կանանց խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը շնորհակալություն է հայտնել ընձեռնված հնարավորության համար և արձանագրել, որ այն խնդիրները, որոնց մասին Խորհուրդը ունի մտահոգություն, առնչվում են նաև կանաց առողջությանը, մատաղ սերնդի բնապահպանական դաստիարակությանը:
Մասնավորապես կողմերը հարցեր են քննարկել հանքարդյունաբերության, «RIO+20» համաժողովի արդյունքների, Սևանա լճում առկա ձկնատեսակների պահպանման ու վերարտադրման խնդիրների մասին: Արծարծվել են հարցեր հանրապետության բնապահապանական ընդհանուր իրավիճակի՝ օդի աղտոտվածության, աղբահանության ու ծառահատումների վերաբերյալ:
Բնապահապանության նախարարը պատասխանել է բոլոր հարցերին, նշել, որ նախարարությունը բոլոր ուղղություններով մեծածավալ աշխատանքներ է իրականացնում կարգավորելու ոլորտում առկա հարցերը: Ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության ու խորացման մասին: