.jpg)
Ռուբեն Գրդզելյանը անմեղ է ճանաչվել
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակվել է լրագրող Ռուբեն Գրդզելյանի և դատախազի որդու` Ալբերտ Մանրիկյանի գործով դատավճիռը: Դատարանի որոշման համաձայն, լրագրողը անմեղ է ճանաչվել, իսկ Ա. Մանրիկյանը տուգանվել է 50 հազար դրամի չափով:
Ա.Մանրիկյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ չի բացառվում, որ կբողոքարկի դատավճիռը:
Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդել է Ռուբեն Գրդզելյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով և տուգանել 150.000 դրամի չափով, իսկ դատախազի որդուն` 100 հազար դրամով:
Մեղադրական եզրակացության համաձայն, Ռուբեն Գրդզելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.05.2012թ. Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում վիճաբանել և դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մեսրոպ Մանրիկյանի դեմքին, որի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:
Ալբերտ Մանրիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.05.2012թ. Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում դիտավորությամբ ձեռքով հարվածել է հոր` Մեսրոպ Մանրիկյանի հետ վիճաբանության մեջ մտած Ռուբեն Գրդզելյանի դեմքին, որի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք: