Բացվեց սիրիական կրթական ծրագրով դպրոցը
09/10/2012 16:00

Բացվեց սիրիական կրթական ծրագրով դպրոցը

Այսօր Երևանի Նար Դոսի անվան հ.14 հիմնական դպրոցում կգործի սիրիական կրթական ծրագրով «Կիլիկեան» դպրոցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

Դեռևս հուլիս ամսին ստեղծվել էր աշխատանքային հանձնախումբ, որի կազմում ընդգրկվել էին սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգեց սիրական կրթական ծրագրով արաբերեն ուսուցմամբ դպրոցի ստեղծման գործընթացը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համագործակցելով: Ուսումնասիրվել և վերլուծության են ենթարկվել դպրոցի հիմնման նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, սիրիահայերի պահանջներն ու սիրիական կրթական ծրագրերը:

Դպրոցի հիմնադրմանը աջակցել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը:

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մամուն Հարիրին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ:
 

Բացվեց սիրիական կրթական ծրագրով դպրոցը