.jpg)
Շարմազանով. «Օսկանյանի հայտարարությունը ՀՀԿ-ի համար հիմք չէ»
Որևէ քաղաքական հետապնդում չկա Օսկանյանի նկատմամբ, խնդիրն իրավական է: Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, հետևաբար Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի կարող լինել: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը չցանկացավ պարզաբանել նախօրեին Վ. Օսկանյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում պետք է մասնակցի իր սեփական թեկնածուով, և եթե ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը չլինի թեկնածու, ապա ինքը պատրաստ է, պատճառաբանելով, որ իրենց համար ԲՀԿ պաշտոնական հայտարարության հիմք է միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները:
Շարմազանովը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ 2011-ին ստորագրվել է կոալիցիոն հայտարարություն:
«Մեզ համար դա հիմք է, ստորագրվել է հայտարարություն, որ 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահին, դրանից բացի ԲՀԿ առաջնորդը որևէ բան չի ստորագրել և չի հայտարարել, հետևաբար ճիշտ չէ Օսկանյանի հայտարարությունը մեկնաբանել և հիմք ընդունել»,- ընդգծեց ՀՀԿ մամլո խոսնակը՝ հավելելով, որ Օսկանյանի կարծիքը, պարզապես, մասնավոր կարծիք է:
Հարցին, թե Օսկանյանի գործից հետո, եթե ԲՀԿ-ն չսատարի գործող նախագահին, որքանո՞վ է Ս. Սարգսյանի հաղթանակի հնարավորությունը, Է. Շարմազանովը միանշանակ նշեց, թե ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա կընտրվի և կվերընտրվի. «Հիմնական պայքարը գնալու է երկրորդ՝ պատվավոր տեղի համար»: