.jpg)
ԱԻԲԱ-ն բարձր է գնահատում Հայաստանի կատարած աշխատանքները
ԱԻԲԱ-ի համակարգող կոմիտեի անդամները, ովքեր երկօրյա աշխատանքային այցով գտնվում էին Երևանում, շատ բարձր են գնահատել աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության կազմակերպման ուղղությամբ Հայաստանի իրականացրած նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանը հյուրընկալելու է աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մասնակիցներին:
Համակարգող կոմիտեն ԱԻԲԱ-ի ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբ է, որը նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև առաջնության ավարտը հետևելու է, որպեսզի այս մարզական միջոցառումն ընթանա ԱԻԲԱ ավանդույթներին և չափանիշներին համապատասխան:
Կոմիտեի անդամները` ԱԻԲԱ-ի սպորտային տնօրեն Էմելին Գերբելը, տեխնիկական պատվիրակ Դեյվիդ Ֆրանսիզը և տվյալների բազայի մենեջեր Ֆիլիպ Յուն, այս օրերի ընթացքում հանդիպումներ ունեցան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Օլիմպիական կոմիտեի և բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Հյուրերն այցելել են այն մարզասրահները, որտեղ առաջնության օրերին մարզվելու են մարզիկները, ուսումնասիրել են հյուրանոցային պայմանները, ծանոթացել ինչպես մարզահամերգային համալիրի շենքային հնարավորություններին, այնպես էլ համալիրում այս պահին ընթացող աշխատանքների հետ:
«Այս կարճ ժամանակահատվածում իրականացված նախապատրաստական աշխատանքները հիմք են տալիս ակնկալելու, որ աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը Երևանում կանցկացվի պատշաճ մակարդակով»,- գոհունակությամբ նշել են ԱԻԲԱ-ի համակարգող կոմիտեի անդամները: