.jpg)
Գագիկ Ծառուկյանը և Ջոն Հեֆերնը քննարկել են Վարդան Օսկանյանի գործը
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկություն է տարածել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը:
Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին Ջոն Հեֆերնն ընդծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով և ամենայն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին:
Դեսպանի խոսքով, սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները և կապահովեն օրենքի գերակայությունը այս հարցի լուծման գործում:
Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ և սկզբունքային հայտարարություններով և ելույթներով:
ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա և կայացվի օբյեկտիվ որոշում:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանի հրավերով դեսպանը շրջայց է կատարել նաև Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, հիացական գնահատականներ տվել հոգևոր այս կառույցի ճարտարապետության վերաբերյալ: