.jpg)
Սիրիայի 85.000 հայի ճակատագրի մասին` ԵԱՀԿ ԽՎ-ում
Հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը Հայաստանի համար կարևոր է եղել այն իմաստով, որ դրա շրջանակում բարձրաձայնվել է նաև ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի մասին:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը` ներկայացնելով նաև, որ օրակարգում է եղել նաև «Լրատվամիջոցների դերը արդյունավետ կառավարման զարգացման գործում», «Բազմազգ ու բազմամշակութային հասարակությունների խթանումն ու պաշտպանությունը ԵԱՀԿ տարածաշրջանում», «Տնտեսական և ֆինանսական հաղթահարում» թեմաների քննարկումը:
Նստաշրջանում Հայաստանի համար քննարկվել է մեկ այլ կարևոր հարց ևս. Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էմին Օնենը ներկայացրել է թուրք-սիրիական սահմանին ընթացող զարգացումներին առնչվող մի բանաձև, որը, սակայն, բացասական կարծիքի է արժանացել.
«Բանաձևի ընդունումը երբեք չի նպաստի առանց այդ էլ Սիրիայում շիկացած վիճակը մեղմելուն: Եվ ես հայտարարեցի նաև, որ հայկական պատվիրակությունը չի կարող անտարբեր լինել , քանի որ Սիրիայում բնակվում է ավելի քան 85 հազար հայ»,- ասաց Ա.Գեղամյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ բանաձևը չի դրվել քվեարկության, սակայն այն ընդունվել է կոնսեսուսով: