«Հարսնաքար». Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
10/10/2012 18:25

«Հարսնաքար». Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կայացել է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը ինքնաբացարկի բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատավորին` նշելով, որ «տպավորություն է ստեղծվում, որ սա դատավարություն չէ, այլ շոու, իսկ դատավորի գործողությունները կողմնակալ են»: Մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:

Դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նա հայտարարեց, որ պաշտպանների միջնորդությունը մերժվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

«Հարսնաքար». Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը