.jpg)
«Հարսնաքար».Տ. Եգորյանը ներկայացրեց միջնորդությունները
Այսօր Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կայացել է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նիստի ընթացքում Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը ինքնաբացարկի բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատավորին` նշելով, թե «տպավորություն է ստեղծվում, որ սա դատավարություն չէ, այլ շոու, իսկ դատավորի գործողությունները կողմնակալ են»: Մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:
Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ պաշտպանների կողմից բացարկի միջնորդությունը մերժվել է:
Տ. Եգորյանը շարունակեց ներկայացնել իրենց միջնորդությունները, մասնավորապես, նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն:
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: