Փորձագետ. Զորավարժությունները չպետք է կապել պատերազմի վտանգի հետ
10/10/2012 12:41

Փորձագետ. Զորավարժությունները չպետք է կապել պատերազմի վտանգի հետ

«Պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի: Մի քանի շաբաթ անցկացվող զորավարժությունները կարևոր ռազմա-քաղաքական իրադարձություն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հարավային Կովկասում ռազմա-քաղաքական իրավիճակին և ՀՀ ԶՈՒ-ի անցկացվող զորավարժություններին՝ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նա նշեց, որ զորավարժությունները էլ ավելի են ամրապնդում հայկական զինված ուժերի մարտունակությունը և պատրաստությունը:

«Առաջնագծում ամեն ինչ նորմալ է, վերահսկվում է, և չպետք է զորավարժությունները կապել պատերազմի վտանգի հետ. զորավարժությունները պլանային են և ունեն նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն»,-ասաց Դավիթ Ջամալյանը, հավելելով, որ Արցախում ևս շուտով մեկնարկելու են զորավարժություննեը, որոնց ընթացքում փորձարկվելու են նոր զինատեսակներ, որ ստացել են հայկական զինված ուժերը:

Նրա խոսքերով, անցկացվող զորավարժությունները խուճապային իրադարձություն չեն առաջացնում հասարակությունում, սակայն պետք է նաև տեղեկացնել հասարակությանը անցկացվող զորավարժությունների նպատակի մասին. պետք է ի ցույց դնել հայկական զինուժի մարտունակությունը և բանակում իրականացվող աշխատանքը:

Դ. Ջամալյանը նշեց, որ նախորդ և այս տարի բանակը համալրվել է նոր զինատեսակներով. հայկական բանակը համալրվել է նաև նոր հակատանկային միջոցներով, ինչն էլ ավելի կամրապնդի ԶՈՒ-ի մարտունակությունը:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքին՝ բանախոսը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական տանդեմ են կազմում և նրանց՝ օդանավակայանի հետ կապված միահամուռ ռեակցիան դրա ապացույցն է:

Փորձագետը չի կարծում, թե Թուրքիան կփակի ՀՀ-ի համար իր օդային տարածքը, իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայան թռչող օդանավերի խոցմանը, ապա Ջամալյանը նշեց, որ հայկական կողմը դրան կտա համապատասխան պատասխան.«Կարծում եմ, որ Բաքվի հայտարարությունն ունի հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ»:
 

Փորձագետ. Զորավարժությունները չպետք է կապել պատերազմի վտանգի հետ