«Մարգար պապը» ֆիլմը լայն ճանաչում է ձեռք բերում
10/10/2012 19:32

«Մարգար պապը» ֆիլմը լայն ճանաչում է ձեռք բերում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, 2011թ. երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի նկարահանած «Մարգար պապը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, այս կարճ ժամանակահատվածում, արդեն հետաքրքիր ու խոստումնալի կենսագրություն է կերտել: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը:

Կինոնկարը մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների եւ արժանացել մրցանակների:

Վերջերս ռեժիսորի կինոնկարը մասնակցել է սեպտեմբերի 24-30 Յալթայում կայացած 13-րդ «Միասին» միջազգային հեռուստակինոֆորումին, որտեղ «Սկիզբ» մրցութային բաժնում հաղթել է` արժանանալով մրցանակի և դիպլոմի:

Ֆիլմի նյութը պարզ մարդկային պատմության շուրջ է զարգանում. հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի և աշխարհայացքի վրա:

Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է , որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը անհասկանալիորեն հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադևոսյանը, իսկ սցենարի հեղինակը` Արթուր Մկրտչյանը:

Ավելի վաղ, Գ.Թադեւոսյանի «Մարգար պապը» մասնակցել է մի շարք այլ կարեւոր միջազգային կինոփառատոների, այդ թվում` օգոստոսի 29-31 ընդգրկվել է Տաշկենտում կայացած 2-րդ «Օնայոր» միջազգային կինոփատառոնի ինֆորմացիոն ֆիլմերի ծրագրում և արժանացել է դիպլոմի:

Սեպտեմբերի 13-17 մասնակցել է «Սևաստոպոլի» միջազգային կինոփառատոնի դեբյուտային մրցութային ֆիլմերի «Կինոբացում» ծրագրում:

«Մարգար պապը» ֆիլմը արդեն իսկ ընդգրկվել է «Նուռ» միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում, որը կայանալու է Կանադայում սույն թվականի հոկտեմբերի 18 -21-ը: Ֆիլմը ընդգրկված է նաև հոկտեմբերի 24-28-ը Երևանում կայանալիք 7-րդ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի մրցութային բաժնում:

Պարսիկ ռեժիսոր Հասան Բաստանին Պարսկաստանում բեմադրման աշխատանքներ է իրականացնում «Մարգար պապը» ֆիլմի մոտիվներով և շուտով կկայանա բեմադրության և «Մարգար պապը» ֆիլմի պրեմիերան Թեհրանում:

«Մարգար պապը» ֆիլմը լայն ճանաչում է ձեռք բերում