Հանրային ցանցի և ԱԺ-ի համագործակցությունը կամրապնդվի
10/10/2012 18:08

Հանրային ցանցի և ԱԺ-ի համագործակցությունը կամրապնդվի

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը այսօր հանդիպեց քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորման` Հանրային ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց չորրորդ գումարման Ազգային ժողովի և Հանրային ցանցի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը, բայց առավել կարևորեց տարբեր ձևաչափերով իրական, առարկայական ու նպատակաուղղված համագործակցության ակտիվացումն ու շարունակականությունը:

Նա պատրաստակամություն հայտնեց` ամեն ինչ անելու, որ համագործակցությունը լինի առավել սերտ ու արդյունավետ: Այդ առումով կարևորվեց Հանրային ցանցի` հանձնաժողովին վերապահված ոլորտներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, խորհրդարանական լսումներին, տարբեր հիմնախնդիրներին վերաբերող համատեղ քննարկումներին, որտեղ նրանք հանդես կգան հիմնահարցերի լուծման իրենց առաջարկներով:

Օգտակար կարող են լինել նաև հանրությանը, հետևաբար նաև հասարակական կազմակերպություններին հուզող հարցերի վերաբերյալ կատարվելիք հետազոտություններն ու վերլուծությունները, որոնք հնարավորություն կտան գտնելու արդյունավետ լուծումները:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետային կապի ներկա պայմաններում փոխհամաձայնեցված ամենօրյա աշխատանքի կազմակերպումը պայմանավորված է լինելու առավելապես աշխատելու ցանկությամբ, առկա խնդիրները լուծելու պատրաստակամությամբ ու հետևողականությամբ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների մասին, որոնք առավելապես վերաբերում էին զինվորական ծառայությանը, բանակում տեղի ունեցող արատավոր երևույթներին, ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինվորներին հաշմադամության կարգ տալու մեխանիզմներին ու դրանց վերանայմանը:

Կորյուն Նահապետյանն առաջարկեց բոլոր բարձրացված հարցերը ներկայացնել գրավոր հիմնավորումներով, որոնք համապատասխան օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հիմք կարող են դառնալ:

Հանրային ցանցի և ԱԺ-ի համագործակցությունը կամրապնդվի