«Զվարթնոց»-«Արմավիա» հակասությունը դեռ շարունակվում է
18/10/2012 14:16

«Զվարթնոց»-«Արմավիա» հակասությունը դեռ շարունակվում է

«Զվարթնոց» օդանավակայանը, ինչպես նախորդ առավոտ, այսօր ևս կուտակված պարտքերի պատճառով դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը:

Aysor.am-ի թղթակցին «Արմավիա» ընկերությունից հայտնեցին, որ իրենց ավիաընկերությունն ամեն օր մարում է պարտքերը և այսօր արդեն գումար է փոխանցվել «Զվարթնոց» օդանավակայանին:

«Զվարթնոց»-«Արմավիա» հակասությունն արդեն ամիսների պատմություն ունի, և օդանավակայանը պարբերաբար չի իրականացնում ավիաընկերության չվերթները` կուտակված պարտքերի պատճառով:

Նշենք, որ դեռ երեկ օդանավակայանում իրենց հետաձգված չվերթներին էին սպասում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին, որ իրենց նախապես որևէ բան չի զգուշացվել և ստիպված են սպասել հարցի կարգավորմանը: Օդանավակայանը, սակայն, նախօրեին` 4:30-ից, վերսկսել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը` տեղեկացնելով, որ անհայտ է ընկերության չվերթների սպասարկման հետ կապված հետագա իրավիճակը: Հետևաբար` այսօր առավոտյան 11:00-ից դադարեցվել է չվերթների իրականացումը:

«Զվարթնոց» օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանն Aysor.am-ին ասաց, որ չվերթների սպասարկման վերականգնումը կախված է միայն ավիաընկերությունից:

«Իրավիճակը կփոխվի, եթե ավիաընկերությունը քայլեր ձեռնարկի կուտակված պարտքերի նվազեցման ուղղությամբ»,- ընդգծեց Գ. Աբրահամյանը:

Նշենք նաև, որ ընկերության պարտքի չափն ավելի քան 1 մլն դրամով գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարը, և ընկերության ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար:

 

«Զվարթնոց»-«Արմավիա» հակասությունը դեռ շարունակվում է