Էջմիածնում բացվեց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը
18/10/2012 17:50

Էջմիածնում բացվեց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրում այսօր կայացավ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց մատենադարանի օծման արարողությունը: Իր ողջույնի խոսքում Վեհափառը խիստ կարևորեց Էջմիածնի և ողջ հայության հոգևոր կյանքում նման գիտամշակութային կենտրոնի բացումը՝ հատուկ շնորհակալություն և օրհնություն փոխանցելով այն հայ բարերարներին, ովքեր նպաստում են նման կոթողների ստեղծմանը: «Սա վկայում է, որ մեր բարերարները հավատարիմ են հայ ժողովրդի արժեքներին և եկեղեցուն»,- ընդգծեց  վեհափառը:

Գարեգին Բ-ն հատուկ երախտագիտություն հայտնեց նաև ՀՀ իշխանություններին՝ հանձինս Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Մայր Աթոռի նկատմամբ հատուկ ուշադրության համար:

Վեհափառի որոշմամբ` Մատենդարանի կառուցման բարերար Վաչե Մանուկյանին շնորհվեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանը:

Լրագրողների հետ զրույցում բարերար Վ. Մանուկյանը նշեց, որ իր նվիրատվությունը անշահախնդիր է և նույնիսկ հրաժարվեց հայտնել, թե որքան գումար է ծախսվել շինարարական աշխատանքների վրա:

Իր հերթին Մատենադարանի ճարտարապետ Արտակ Ղուլյանը նշեց, որ նախագծի մեջ կարևորվել է մշակութային կենտրոնի ներդաշնակությունը շրջակա կառույցների հետ, ինչպես նաև՝ յուրահատկության պահպանումը:

Ճարտարապետի խոսքերով՝ նոր մատենադարանը չի կարող փոխարինել Մաշտոցի անվան Մատենադարանին, քանի որ տարբերվում է իր արտաքին տեսքով, գտնվելու վայրով և նշանակությամբ:

«Այս Մատենադարանը կծառայի ոչ միայն հոգևոր սպասավորներին, այլև` հասարակական լայն խավերին»,- շեշտեց նա՝ ընդգծելով, որ նախագծի հենքում դրված էր Մայր Աթոռում գտնվող երեք գրադարանների և մեկ ձեռագրատան միավորումը՝ մեկ հարկի տակ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ վստահեցրեց, որ Երևանի մատենադարանից այստեղ որևէ գիրք կամ ձեռագիր չի բերվելու, իսկ Մայր Աթոռի մատենադարանը կհամալրվի 80 հազար գրականությամբ և 3 հազար ձեռագրերով՝ Էջմիածնի ֆոնդերից:

Նշենք, որ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի հիմնարկեքը կատարվել է 2009թ-ի սեպտեմբերի 22-ին: Այդ շինությունը իրենից ներկայացնում է երկհարկանի քառաշեն կառույց՝ նկուղային հարկով: Յուրաքանչյուր հարկի մակերեսը 1500 քմ է, նկուղինը՝ 1000 քմ:

Մատենադարանը նախատեսված է ընթերցասրահների, հանդիսասրահների, ցուցասրահի, ինչպես նաև աշխատասենյակների համար: Մատենադարանի շենքը եզրափակվում է Բաց խորանով և Գրիգոր Լուսավորչի կամարով: 

Էջմիածնում բացվեց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը