«Ժառանգությունը» հանդիպել է եվրոպական կազմակերպության անդամներին
18/10/2012 20:33

«Ժառանգությունը» հանդիպել է եվրոպական կազմակերպության անդամներին

«Ժառանգություն» կուսակցությունում հյուրընկալվել է «Ժողովրդավարության և համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակությունը, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group): Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:

10 անդամից բաղկացած պատվիրակությունը, որ ղեկավարում էին «Եվրոպական ֆորումի» փոխնախագահ Ժան Մարինուս Վիերսման և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոնեսթ ԽՎ համանախագահ Քրիստիան Վիգենինը, Հայաստան է ժամանել երկօրյա փաստահավաք առաքելությամբ՝ հանդիպելու քաղաքական կուսակցություններին և հնարավորինս լիարժեք ծանոթանալու երկրում տիրող իրադրությանը ԱԺ ընտրություններից հետո և նախագահական ընտրություններից առաջ:

Հանդիպմանը մասնակցող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամներ Լուսինե Պետրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել են Եվրոպական ինտեգրման հաստատուն կողմնորոշման մասին, որ ունի կուսակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև իշխանությունների ձախողումներին, որ խոչընդոտում են այդ ինտեգրման ցանկալի ընթացքին:

Հյուրերի խնդրանքով, աղբյուրի փոխանցմամբ, ներկայացվել են «Ժառանգության» մոտեցումները Վրաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների, ՌԴ-ի նախաձեռնած Մաքսային միության, հայ-թուրքական արձանագրությունների և երկկողմ հարաբերություների կարգավորման վերաբերյալ:

Ի պատասխան ԼՂ անվտանգության և Ռ. Սաֆարովի արտահանձնման շուրջ «Ժառանգության» բարձրաձայնած մտահոգությունների, պատվիրակության հունգարացի անդամ Էդիթ Հերցզոգը նշել է, որ ոչ միայն հունգար ժողովուրդն է դատապարտում Սաֆարովի արտահանձնումը, այլև, ինչպես վերջերս է հայտնի դարձել որոշ փաստաթղթերից, Հունգարիայի թե´ ՆԳ, թե´ ԱԳ նախարարները դեմ են եղել այդ քայլին:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ նշվել է, որ Եվրոպական ընտանիք վերադառնալը «Ժառանգության» միանշանակ ընտրությունն է, և այդ լույսի ներքո Եվրոպայի քաղաքական շրջանակների հետ շփումների ու համագործակցության յուրաքանչյուր հնարավորություն ողջունելի է «Ժառանգության» համար:
 

«Ժառանգությունը» հանդիպել է եվրոպական կազմակերպության անդամներին