«Ադրբեջանը փորձում է փչացնե՞լ հարաբերությունները Արևմուտքի հետ»
18/10/2012 12:40

«Ադրբեջանը փորձում է փչացնե՞լ հարաբերությունները Արևմուտքի հետ»

«Ալիևը մեղադրում է Բրիթիշ Փեթրոլիում ընկերությանը, որ վերջինս չի իրականացնում իր պարտավորությունները նավթի արդյունահանման հետ կապված, այսինքն արդյունահանում է ավելի քիչ նավթ, քան նախատեսված էր պայմանագրով, ինչն էլ ավելի քիչ եկամուտ է բերում ադրբեջանական բյուջե»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Բրիթիշ Փեթրոլիումի և ադրբեջանական իշխանությունների միջև հակասություններին՝ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նա նշեց, որ Ալիևը հասկանում է, որ եթե նավթադոլարների հոսքը պակասի, Ադրբեջանում կսկսվի սոցիալական դժգոհություններ, գործազրկություն, իսկ դա սպառնում է Ալիևի վարչակարգին:

Բանախոսը նկատեց, որ Ադրբեջանի բյուջեի մեծ մասը կազմավորվում է նավթից ստացվող հասույթներից, և նավթից ստացվող եկամուտների պակասը «ալիևյան ռեժիմի» համար սպառնալիք է, քանի որ խնդիրներ կառաջանան աշխատավարձերի վճարման հետ, ռազմական ծախսերի հետ և այլն:

Ս. Ասատրյանը ասաց, որ կան կարծիքները, որ Ադրբեջանը փորձում է փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, որպեսզի Իրանի դեմ ուղղված պատերազմում կարողանա պահպանել իր չեզոքությունը:

Նրա կարծիքով, Բրիթիշ Փեթրոլիումի և ադրբեջանական իշխանությունների միջև այս հակասությունները հնարավոր է ունենան նաև խորը քաղաքական ենթատեքստ և այժմ պետք է սպասել հետագա զարգացումներին, քանի որ այժմ հնչել է միայն Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ կապված նավթային եկամուտների հետ:
 

«Ադրբեջանը փորձում է փչացնե՞լ հարաբերությունները Արևմուտքի հետ»