Պետք է լուրջ անդրադառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած բացթողումներին
22/10/2012 17:57

Պետք է լուրջ անդրադառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած բացթողումներին

Հայաստանում ժողովրդվարական ընտրությունների անցկացումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր նախապայմանն է: Ներկայացնելով Եվրոպական միության կողմից Հայաստանում իրագործվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագիրը` լրագրողնրի հետ հանդիպմանն ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նա նշեց, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը, և այս ծրագիրը, նրա խոսքերով, հենց դրա վկայությունն է:

«ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է, որ 2013-ի նախագահական ընտրությունների ընթացքը համահունչ կլինի միջազգային չափանիշներին: Հետևաբար` Հայաստանը պետք է արդյունավետորեն անդրադառնա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված բացթողումներին»,- ասաց նա` ընդգծելով, որ դրանից է կախված լինելու Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի տեմպը:

Ասուլիսին մասնակից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն էլ նշեց, որ համեմատելով նախորդների հետ, մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, իսկապես, ավելի ժողովրդավար էին, թափանցիկ:

Ինչ վերաբերում է 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ապա նա հիշեցրեց օրեր առաջ եվրոպական ֆորումներից մեկի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` նախագահական ընտրությունների վերաբերյալ, թե դրանք անցկացվելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններին ու առաջարկություններին համահունչ: «Ողջունելի է: Գործնականում ստացանք երաշխիքներ ամենաբարձր պաշտոնատար անձից `ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- նկատեց Ա. Սորոկինը:
 

Պետք է լուրջ անդրադառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած բացթողումներին