.jpg)
Ասադի տապալումը կուժեղացնի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում
«ՀՀ կառավարությունն ադեկվատ արձագանքեց սիրիական ճգնաժամին: Այստեղ են 5.000 սիրիահայեր, նրանց համար ստեղծվել են համապատասխան պայմաններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին և ճգնաժամի հնարավոր զարգացումներին՝ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները սերտորեն կապված են ՀՀ-ի ազգային, պետական շահերի հետ:
«Սիրիայում տեղի է ունենում լիարժեք պատերազմ, որն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ: Այդ պատերազմում խառնված են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտվող ԱՄՆ-ը և Եվրոպան:
Գ.Հարությունյանն ասաց, որ Սիրիային աջակցում է առաջին հերթին Իրանը, ինչպես նաև Դամասկոսին իրենց աջակցությունն են ցուցաբերում ՌԴ-ն և Չինաստանը:
Բանախոսը, անդրադառնալով թուրք-սիրիական հարաբերություններին, ասաց, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին է տեղակայել ռազմական տեխնիկա, Թուրքիա են տեղափոխվում սիրիական փախստականներ, Թուրքիան աջակցություն է ցուցաբերում սիրիական ապստամբներին:
Նրա խոսքերով, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները կարող են ընթանալ երկու սցենարով՝ առաջին սցենարի համաձայն, Ասադին հաջողվում է տապալել, Դամասկոսում իշխանության են բերում հակաիրանական վարչակարգ: Այս սցենարը, ըստ Հարությունյանի, վտանգավոր է ՀՀ-ի համար, քանի որ խախտվում է ուժերի բալանսը և տարածաշրջանում ուժեղանում է Թուրքիայի դիրքը:
2-րդ սցենարով, Ասադի հետ հաջողվում է գալ փոխզիջումների և Սիրիայում իրավիճակը կայունանում է:
Գ. Հարությունյանը հավելեց, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը պայթյունավտանգ է և հնարավոր սցենարները այնքան էլ հուսադրող չեն: