.jpg)
Եվս երկու արդիականացված բաժանմունք` Հայփոստից
Այսօր տեղի է ունեցել Հայփոստ ՓԲԸ Գյումրիի թիվ 4 և թիվ 8 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` վերաբացման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը,Գյումրիի Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ ղեկավարությունը և աշխատակիցներ, Գյումրիի բնակիչներ:
Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթը 2012 թ. շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 35-ը`մարզերում: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:
Ըստ աղբյուրի, շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Գյումրիի բնակիչներին:
Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: