Եղեռնը վերապրած հայի մասին ֆիլմը`Պելոպոնեսի կինոփառատոնում
22/10/2012 18:51

Եղեռնը վերապրած հայի մասին ֆիլմը`Պելոպոնեսի կինոփառատոնում

Հոկտեմբերի 22-ին Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնին Հայաստանը ներկայացնող «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմն արժանացել է հույն հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:

Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի այս ֆիլմի սցենարի հեղինակներն են Արմեն ու Արեն Վաթյանները: Այն պատմում է Եղեռն վերապրած և ԱՄՆ գաղթած Կարապետ Փամբուկչյանի մասին, ով ձգտում է ամերիկանացված իր ժառանգների մեջ արթնացնել ու ամրացնել կապը կորուսյալ Հայրենիքի հետ, որդուն ու թոռանը ամեն կերպ վերադարձնել ազգային արմատներին:

Փառատոնի շրջանակներում հանդիսատեսին ֆիլմը ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մ. Մարտիկյանը:

Փառատոնին մասնակցում էին նաև ֆիլմեր Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ադրբեջանից:

Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնն անցկացվել է հոկտեմբերի 5-12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում «Կյանքն իբրև տոն» կարգախոսով`«Բարեկամների կինոն» խորագրի ներքո:

Փառատոնի հիմնական նպատակն էր Հունաստանի և հունական համայնք ունեցող երկրների միջև բարեկամական հարաբերություններ ամրապնդելը, ինչպես նաև այդ երկրների կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացմանը նպաստելը:

Կինոփառատոնն անցկացվել է Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի և կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի և Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո:

 

Եղեռնը վերապրած հայի մասին ֆիլմը`Պելոպոնեսի կինոփառատոնում