Լրացումներ «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում
23/10/2012 18:51

Լրացումներ «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում

Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ի նիստում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրել է կառավարության հեղինակած` «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, հանրակրթության ոլորտի կառավարման և կազմակերպման արդյունավետությունը մեծացնելու, առկա խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով գործադիրը նախատեսում է կիրառել միասնական քաղաքականություն: Մասնավորապես վերանայվել են «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի որոշ սկբունքներ և, արտացոլելով դրանք «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում` ստեղծվել է միջազգային կոնվենցիաներին ու չափանիշերին հանապատասխան օրենսդրական դաշտ:
 Ըստ աղբյուրի, նախարարի ներկայացմամբ, երեխաները կունենան կրթության հավասար հնարավորություններ` անկախ անհատական տարբերություններից կամ հաշմանդամությունից, ինչը բխում է նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայից:

Փաթեթով կատարված այլ փոփոխություններով ոչ պետական դպրոցների տնօրենները կարող են մասնակցել պետական դպրոցների տնօրենների համար նախատեսված հավաստագրման գործընթացին: Հստակեցվել է նաև ոչ մասնագիտական կրթությամբ ուսուցիչների աշխատանքը. ուսուցիչ կարող է աշխատել վերջին տասը տարիներին առնվազն հինգ տարի կոնկրետ առարկա դասավանդած` բարձրագույն կրթություն ունեցող անձը: «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու, նպատակը, ըստ աղբյուրի, օրենսդրորեն ամրագրելն է տարրական դասարանների աշակերտներին ամբողջությամբ անվճար դասագրքերով ապահովելու նորմը. ներկայում օտար լեզվի և երաժշտության անվճար գրքեր տրամադրվում են միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

«Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրել է պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա կարևորել է հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես համընդհանուր ներառման գաղափարը, ֆիզիկական համապատասխան միջավայրի ստեղծումը, կրթության կազմակերպան ու սոցիալական կարիքները բավարարելու նպատակադրումը, ուսուցման անհատականացումը, կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչի դերի մեծացումը, եռաստիճան գնահատման կենտրոնների ներդրումը: Ռուզաննա Մուրադյանը, կարևորելով ուսուցչի օգնականի ինստիտուտի գաղափարը, նկատեց, որ դեռևս սահմանված չեն օգնականի պարտականությունները: Ըստ նրա՝ պետք է վերանայել նաև ուսուցիչների վերապատրաստմանն առնչվող խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Լրացումներ «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում