.jpg)
Շվեյցարացի գործարարների պատվիրակությունը կայցելի Արցախ
Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շվեյցարացի գործարարների պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է հատկապես միջխորհրդարանական համագործակցության դերը, և նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, վստահություն հայտնեց, որ վերջիններս, լավագույնս օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նշվեց, որ Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական խումբն արդյունավետ գործունեություն է ծավալում նաև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ: Այդուհանդերձ, ըստ Հովիկ Աբրահամյանի, առևտրատնտեսական համագործակցության և քաղաքական հարաբերությունների մակարդակներն անհամապատասխան են, գոյություն ունի մեծ ներուժ, և այս տեսանկյունից ևս կարևորվում է շվեյցարացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան:
Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնևի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարևորել է այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջև: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում պատվիրակության այցը Հայաստան: Նա ևս կարևորեց Շվեյցարիայի և Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշելէ, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ և ամրապնդմամբ:
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հայազգի անդամ Լյուկ Բարթասան նշել է, որ իրենք տպավորված են Հայաստան կատարած այցից, ունեցած արդյունավետ հանդիպումներից, որոնցից ակնկալում են գործնական արդյունքներ: Նա տեղեկացրել է, որ այս անգամ առիթը բաց չեն թողնելու այցելելու նաև Լեռնային Ղարաբաղ:
Այս կապակցությամբ ԱԺ նախագահը ողջունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը, ինչը լավ հնարավորություն էր տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ դիրքորոշում ձևավորելու համար:
Երկկողմ հարաբերությունների առնչությամբ իրենց մոտեցումները ներկայացրեցին նաև պատվիրակության և հանդիպմանը ներկա Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամները: