.jpg)
2013թ.-ի բյուջե. Սոցիալական ոլորտ
Այսօր ԱԺ-ում Հակոբ Հակոբյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրին «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված սոցիալական ոլորտի ֆինանսական ցուցանիշները և ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303 մլրդ 206 մլն դրամ կամ 2012 թվականի պետական բյուջեով հաստատվածից 4 մլրդ 112 մլն դրամով պակաս: «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 18 մլրդ 986 մլն դրամ, իսկ «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 101.6 մլն դրամ:
Տեղեկացվեց, որ «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 9 մլրդ 867 մլն դրամ. աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345.8 դրամ՝ 2012 թվականի 31 254.5 դրամի դիմաց: «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 880.4 մլն դրամ: Թաղման նպաստի չափը պահպանվել է 200 հազ. դրամի սահմաններում: «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրի ծախսը, պահպանելով 2012 թվականի համար նախատեսված չափը, կազմում է 37 մլրդ 105.8 մլն դրամ:
Ծրագրով նախատեսվող նպաստառուների թվաքանակը կազմում է 104 685 ընտանիք, իսկ նպաստի միջին ամսական չափը՝ 29 537.8 դրամ: «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 419.2 մլն դրամ՝ պահպանելով երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 000 դրամ: Ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 43.2 մլն դրամով, որը պայմանավորված է նպաստ ստացողների թվի աճով:
«Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 4 մլրդ 625 մլն դրամ. ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 63 մլն դրամով, որը պայմանավորված է երեխաների ընդհանուր թվաքանակում 3-րդ եւ ավելի երեխաների տեսակարար կշռի աճով: «Գործազրկության նպաստե ծրագրով նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 589.3 մլն դրամ՝ գործազրկության նպաստի ամսական չափը պահպանելով 18 հազ. դրամի մակարդակում: «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումե ծրագրով կծախսվի 1.7 մլրդ դրամ (պահպանվել է 2012 թվականաի համար նախատեսված չափը): «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության տրամադրում» ծրագրով ծախսը կազմում է 8 մլրդ 279.9 մլն դրամ` պահպանելով 2012 թվականի մակարդակը: «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսը կազմում է 19 մլրդ 531.5 մլն դրամ` 2012 թվականի 18 մլրդ դրամի դիմաց:
Նախարարի տեղեկացմամբ՝ 2013 թվականի համար կառավարության կողմից գերակա են համարվել՝ կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը և հաշմանդամների իրավունքների ապահովման հետ կապված ծրագրերը: