Բյուջեի քննարկում շարունակվում է. Առողջապահություն
01/11/2012 18:08

Բյուջեի քննարկում շարունակվում է. Առողջապահություն

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի և ֆինանսավարկային ու բյուջատեյին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ նշելով, որ 2013թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավել է 2012թ-ին հատկացված միջոցներից:

Ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծով արտահիվանդանոցային ծառայություններին նախատեսվում է տրամադրել 23 մլրդ 910 մլն դրամ, հիվանդանոցային ծառայություններին՝ 27 մլրդ 256 մլն դրամ, հանրային առողջապահական ծառայություններին՝ 3 մլրդ 159 մլն դրամ, «Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր» խմբին՝ 11,2 մլրդ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց առողջապահության ծրագրային քաղաքականությունը՝ նշելով, որ 2013 թվականի պետական բյուջեով ծրագրված է իրականացնել 50 առողջապահական ծրագրեր, որոնց աճը 2012 թվականի համեմատ կկազմի 7.8 %: Կառուցվածքային առումով պլանավորված ծախսերի 73 %-ը ուղղվելու է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացմանը: Կարևորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետության, նպատակաուղղվածության, հասցեականության մակարդակի բարձրացումը:

Այդ նպատակով 2013 թվականին ընդլայնվելու են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման, ոլորտի ֆինանսական հոսքերի կառավարման, արդյունավետության բարձրացման քայլերը, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել և առավել կանխատեսելի դարձնել բուժօգնության և սպասարկման համար ազգաբնակչության կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առկա ստվերային վճարները, թափանցիկ դարձնել ֆինանսական հոսքերը, և դրանք հստակ մեխանիզմներով ուղղել բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:

Պարոն Դումանյանի խոսքով՝ 2013-ին առողջապահության ոլորտի հիմնական թիրախը շարունակելու է մնալ բուժօգնության առաջնային օղակի զարգացումը, ինչի համար պլանավորված է ծախսել 24 մլրդ դրամ: Ամբուլատոր պոլիկլինիկական օղակում պլանավորված է մշակել Հայաստանում առավել բարձր մահացության բերող սրտանոթային, ուռուցքաբանական և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման մի շարք ծրագրեր, որոնք կուղեկցվեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության համակարգի ներդրմամբ: 
Նախատեսվում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի 13 համայնքներում կառուցել նոր ամբուլատորիաներ:

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու նպատակով կհատկացվի 4 մլրդ դրամ, ընդ որում՝ հոգեկան հիվանդությունով տառապող անձանց, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվելու նոր սերնդի դեղեր:

Դերենիկ Դումանյանը նշեց, որ Երևանում և մարզերում կատարելով միևնույն հատկացումները՝ 2013-ին ակնկալվում է մարզերից Երևան հոսքի կրճատում, ինչը կապահովի բյուջետային միջոցների տարածքային համաչափ բաշխում:
2013-ին կկառուցվեն Վանաձորի, Մեղրու բուժկենտրոնները, իսկ Աբովյանի, Ղափանի, Բերդի և Ալավերդու բժշկական կենտրոնները կվերանորոգվեն և կվերազինվեն ամբողջությամբ:

Երևանում կսկսվեն օնկոլոգիական նոր կենտրոնի շինարարության և հեմատոլոգիական կենտրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքները, որի համար կտրամադրվի 10 մլրդ դրամ:  

Բյուջեի քննարկում շարունակվում է. Առողջապահություն