.jpg)
Հայ-հոլանդական կլոր սեղան` նվիրված գրանտային ծրագրերին
Այսօր Զարգացման Հայկական Գործակալությունը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համատեղ կազմակերպել էր հայ-հոլանդական կլոր-սեղան: Այս մասին տեղեկացնում են գործակալությունից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ԶՀԳ–ի Ներդրումների խթանման դեպարտամենտի տնօրեն Նատալյա Արծրունին: «Մասնավոր հատվածի ներդրումներ» ծրագրի խորհրդատու Արկո Ֆան Վեսելը ներկայացրել է Նիդերլանդների կառավարության ծրագիրը, Զուգակցման գործիքի ծրագրերի խորհրդատու Բրիգիտա Խրունլենդը՝ զուգակցման (matchmaking) գործիքն ընկերությունների համար: Նիդերլանդների դեսպանության տնտեսական հարցերով կցորդ Մայա Թոդրիանն էլ խոսել է ծրագրում դեսպանության դերակատարության մասին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Private Sector Investment programme-Մասնավոր հատվածի ներդրումային գրանտային ծրագիրը (մինչև 1.5 մլն եվրո արժողությամբ), ինչպես նաև դրան արդեն իսկ մասնակցություն ցուցաբերած հայկական ընկերությունների սեփական փորձը և դրա դրական ու բացասական կողմերը: Ներկա էին արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 60 ընկերությունների ներկայացուցիչներ:
Գրանտային ծրագրով անցած ընկերությունները ներկայացնում էին քիմիա, գյուղատնտեսություն, բժշկական ծառայություն ոլորտները, իսկ զուգակցման գործիքից օգտվում են հետևյալ ոլորտներ ներկայացնող ընկերությունները` տեքստիլ, սննդարդյունաբերություն, ձկնաարդյունաբերություն, քիմիա և այլն:
Գրանտային ծրագիրը Հոլանդիայի արտաքին գործերի և զարգացման համագործակցության նախարարության կողմից իրականացվող ծրագիր է, որն աջակցում է ինովացիոն ներդրումային ծրագրերը զարգացող շուկաներում և գործում է արդեն 10 տարի: