.jpg)
ՀՀ ԱԺ պատվիրակությունը պաշտոնական այցով Չեխիայում է
Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Պրահայի առաջնորդարանում հանդիպեց Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստանի և Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս համատեքստում կարևորեց Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը` ուրախությամբ փաստելով արդյունավետ համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովվության եւ Չեխ կաթոլիկ եկեղեցու միջև: Նա շնորհակալությամբ ընդգծեց, որ 7 տարի շարունակ Չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար: Իր խոսքում ԱԺ նախագահը անդրադարձավ նաև սաֆարովյան գործին, տարածաշրջանային խնդիրներին:
Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը` Կարդինալ Դուկան կարևորեց ԱԺ նախագահի այցը Չեխիայի Հանրապետություն: Որպես Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամ, նա ընդգծեց հայ-չեխական բարեկամության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը: Կարդինալ Դուկան անգնահատելի համարեց հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ, մասնավորապես բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Աստվածաշնչի առաջին թարգմանությունը եղել է հայերեն: Պրահայի արքեպիսկոպոսը պատրաստակամություն հայտնեց աջակցել Չեխիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին և նպաստել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգտակար կարող են լինել Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Պրահայի առաջնորդարանում, եղան ներկայացուցչությունների սրահում: Նույն օրը ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները այցելեցին Վիտկովի Ազգային հուշահամալիր, ծաղիկների դրեցին Անհայտ զինվորի շիրիմին և շրջայց կատարեցին Վիտկովի Ազգային հուշահամալիրում: