Շարունակվում է Աբրահամյանի պաշտոնական այցը
01/11/2012 17:45

Շարունակվում է Աբրահամյանի պաշտոնական այցը

Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպել է ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Ողջունելով ԱԺ նախագահին և պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարևորել է Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու և խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարևորել է Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը և նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը: Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել սաֆարովյան հարցում Չեխիայի ԱԳՆ դիրքորոշման և խիստ գնահատականի համար:

Նա բարձր է գնահատել Կարել Շվարցենբերգի` խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոհնիշի` Սաֆարովի արտահանձման և ներում շնորհելու վերաբերյալ հարցին նրա հնչեցրած գնահատականը:

Նշենք, որ նիստի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Չեխիան տվյալ հարցում Հայաստանի կողմն է և այդ քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, և այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հարցն է: Դրա մասին է վկայում միջազգային հանրության արձագանքը:

Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Դրականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու իր ցանկությունը: Այժմ կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրացումը: Չեխիայի Հանրապետությունը սատարում է կողմերի միջև բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է և Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Նա կարևորել է Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որոնց մասն է կազմում Խոր և համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծումը: Ավարտվել են Ասոցացման և վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունները:

Հայ-չեխական փոխգործակցության խթանման և ակտիվացման առումով` Աժ նախագահը կարևորել է ՀՀ քաղաքացիներին Չեխիա մուտքի արտոնագրի տրամադրումը Հայաստանում գործող ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությունում: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է առևտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում կապերի զարգացումը, ինչի համար լավ նախադրյալներ կան:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, առաջիկա նախագահական ընտրություններին, արդարադատության համակարգի բարեփոխումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի հետ էր: Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը և արձանագրելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` տիկին Նեմցովան բարձր է գնահատել խորհրդարանի նախագահի այցը Չեխիա` հայ-չեխական կապերը խորացնելու և միջխորհրդարանական գործակցությունը ակտիվացնելու առումով: Ներկայացուցիչների պալատի նախագահը անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների զարգացումը նաև տնտեսության, մշակույթի, գիտության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցությանը եվրոպական կառույցներում:
Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և ակտիվորեն մասնակցում են դրա իրականացմանը: Պարոն Աբրահամյանը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև` նշելով, որ նոյեմբերին Երևանում անցկացվելու է հայ-չեխական գործարար ֆորում, որը, նրա համոզմամբ, կխթանի տնտեսական փոխգործակցությունը:

Կարևորելով տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տիկին Նեմցովայի առաջարկը` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված ներդրումների համար:

Շարունակվում է Աբրահամյանի պաշտոնական այցը