Լրագրողի հետ փողոցում վիճած դատախազն ազատվել է աշխատաքից
01/11/2012 16:51

Լրագրողի հետ փողոցում վիճած դատախազն ազատվել է աշխատաքից

ՀՀ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը դատախազին ոչ հարիր վարք դրսևորելու համար` հոկտեմբերի 31-ին` Գլխավոր դատախազի հրամանով ազատվել է աշխատանքից: Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: 

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել` քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ:

Նա մասնավորապես, նշել էր, որ դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, դատախազը մնում է անպատիժ: «Այսինքն` դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել»,- ասել էր եկրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակվել է լրագրող Ռուբեն Գրդզելյանի և դատախազի որդու` Ալբերտ Մանրիկյանի գործով դատավճիռը: Դատարանի որոշման համաձայն, լրագրողը անմեղ է ճանաչվել, իսկ Ա. Մանրիկյանը տուգանվել է 50 հազար դրամի չափով:

Մեղադրական եզրակացության համաձայն, Ռուբեն Գրդզելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.05.2012թ. Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում վիճաբանել և դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մեսրոպ Մանրիկյանի դեմքին, որի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:

Ալբերտ Մանրիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.05.2012թ. Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում դիտավորությամբ ձեռքով հարվածել է հոր` Մեսրոպ Մանրիկյանի հետ վիճաբանության մեջ մտած Ռուբեն Գրդզելյանի դեմքին, որի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք: 

Նախորդող հրապարակում `Ռուբեն Գրդզելյանը անմեղ է ճանաչվել
Ռ.Գրդզելյանի դեմ հարուցված գործը այլ դատարան է ուղարկվել
Դատարանը կքննի դատախազի, որդու և լրագրողի գործը

Լրագրողի հետ փողոցում վիճած դատախազն ազատվել է աշխատաքից