.jpg)
Չաշխատել հանգստի հաշվին, այլապես կունենաք սեռական խնդիրներ
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով, այն մարդիկ, ովքեր ավելի ծանրաբեռնված կենսակերպ են վարում, հաճախ ունենում են սեռական կյանքում խնդիրներ:
«Մարդը, անկախ սեռից և մասնագիտությունից, երբ բուռն կենսակերպ է վարում, մոռանում է անձնականի և հանգստի մասին, կարող է ժամանակավոր նվազեցնել սեռական ակտիվությունը, որովհետև այդ կերպ մարդը սուբլիացնում է իր էներգիան: Սեռական կյանքը ենթադրում է ներդաշնակ կենսակերպ, սակայն դա բնավ չի նշանակում, որ հասարակական գործիչներն իմպոտենտ են: Անձերն ունեն ուժեղ, միջին և թույլ սեռական խառնվածք, սակայն բոլորին խորհուրդ է տրվում չաշխատել հանգստի հաշվին»,-ասում է սեքսապաթոլոգը:
Ասուլիսի մյուս բանախոս, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի խոսքով, սակայն, ծանրաբեռնվածությունը ոչինչ չի նշանակում, որովհետև օրինակ Նապոլեոնը շատ ծանրաբեռնված է եղել, սակայն եղել է «մի բան էլ ավելի լիարժեք տղամարդ»:
«Մեզ մոտ մեծ նշանակություն ունի արտագաղթը, ընտանիքները բաժանվում են, տղամարդիկ գնում են արտերկիր, և կանայք մնում են առանց սեռական կյանքի, ինչը կարող է ծանր անդրադառնալ նրանց առողջության վրա, երեխաներ չեն ծնվում, բացի այդ սթրեսները հանգեցնում են հորմոնալ խանգարումների: Տղամարդիկ հարաբերությունների են դիմում տարբեր կանանց հետ, և վերադառնալուց բերում իրենց հետ տարբեր վարակներ»,-ասաց նա: