.jpg)
Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են հետաքննության, նախաքննության, ինչպես նաև՝ դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումները:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը, ով նաև ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահն է, իր ելույթում կարևորել է նախկինից դասեր չքաղած, համապատասխան հետևությունների չհանգած, ծառայողական պարտականությունները պարբերաբար խախտող աշխատակիցների նկատմամբ անհանդուրժողականությունը: «Անհրաժեշտ է ազատվել նման անձանցից և համակարգը համալրել այնպիսի կադրերով, որոնք իրենց գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով կնպաստեն դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կլինեն օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ և դրանց արդյունքում կնպաստեն դատախազության նկատմամբ հանրության վստահության աճին»,- նշել է Ա.Թամազյանը:
Ըստ աղբյուրի, Գլխավոր դատախազը հանձնարարել է որակավորման հանձնաժողովին խստացնել պահանջները: «Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում»,- ասել է Ա.Հովսեփյանը՝ կարևորելով ոչ միայն մասնագիտական ունակություններն ու գիտելիքները, այլ նաև բարոյական նկարագիրը: Իսկ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները զգուշացվել են, որ պատասխանատվության կենթարկվեն՝ ենթակաների վերաբերյալ սուբյեկտիվ գնահատագրեր ներկայացնելու համար:
Գլխավոր դատախազը հանձնարարել է հայտնաբերված բացթողումների, խախտումների կապակցությամբ հարուցել կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում խախտումներ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության:
Կոլեգիան հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանին ուսումնասիրել 2005-2012թթ. մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և կասեցված քրեական գործերը, որոշումների հիմքերը, հետախուզական գործերը և արդյունքները ներկայացնել կոլեգիայի քննարկմանը:
Դատարաններում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու համար հանձնարարվել է պահանջել և վարույթներին կցել դատական նիստերի ձայնագրառումները, որոնք համապատասխան ստորաբաժանումները ղեկավարող դատախազները ընտրանքային կարգով կուսումնասիրեն՝ պարզելու, թե ինչպիսի վարքագիծ են դրսևորում դատախազները դատական նիստերի ժամանակ և որքանով են պատշաճ պաշտպանում մեղադրանքները:
Միաժամանակ պահանջ է դրվել բոլոր դատախազների և նախաքննական մարմինների առջև՝ խստագույնս պահպանել նախաքննության ժամկետները, խուսափել անհարկի և չպատճառաբանված ձգձգումներից, հետամուտ լինել հանցագործություն կատարած անձանց հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության ենթարկելու հարցում:
«Պետք է կրճատել տեղի ունեցած հանցագործության դեպքից մինչև հանցագործին դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ընկած ժամանակահատվածը: Այլապես՝ տարիներ շարունակ ձգձգելով նախաքննությունն ու դատաքննությունը՝ հասարակության մոտ կարծիք է ձևավորվում, որ հանցագործը մնացել է անպատիժ: Պատժողական քաղաքականությունը կծառայի իր նախականխիչ նշանակությանը, եթե հանցագործները դեպքից անմիջապես հետո ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է գլխավոր դատախազը:
Դատախազության կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կոլեգիան կարտահայտի իր գնահատականը՝ կայացնելով համապատասխան որոշումներ, իսկ դրանց կատարումն ապահովելու նպատակով գլխավոր դատախազի կողմից կտրվեն գրավոր ցուցումներ, հանձնարարականներ, հրամաններ:
Ըստ աղբյուրի, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր տեղի կունենան առանձին օպերատիվ խորհրդակցություններ՝ փորձագիտական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ՝ փորձաքննությունների որակը բարելավելու ու ժամկետները կրճատելու նպատակով, ինչպես նաև ոստիկանության հետ՝ քննարկելու օպերատիվ-հետախուզական և քննչական մարմինների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր: