9 ամիսների ընթացքում 220 նյութի հիման վրա հարուցվել է քրգործ
02/11/2012 19:16

9 ամիսների ընթացքում 220 նյութի հիման վրա հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը այսօր ՀՀ դատախազության կոլեգիայի` 2012թ. նոյեմբերի 2-ի ընդլայնված նիստում իր զեկույցում նշել է, որ կոռուպցիոն երևույթների համակողմանի վերլուծությունը բերում է այն համոզմանը, որ դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեությունը պետք է հնարավորինս օպերատիվ և համարժեքորեն արտացոլի քննարկվող ոլորտում ձևավորված հիմնախնդիրների լուծման պահանջները: «Այդ հիմնախնդիրները իրավապահ որ օղակում էլ չկատարվեն կամ չպահապնվեն, միևնույնն է, հաշվի առնելով, որ ոստիկանությունը և ազգային անվտանգությունը հետաքննության և նախաքննության մարմիններ են և այդ ոլորտի գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահված է ՀՀ դատախազությանը, ուստի դրա արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչ որակով է իրականացվում դատախազական հսկողությունը»,- ասել է նա:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական բաժնից:

Ըստ աղբյուրի, նա հայտնել է, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից 2007 թ. ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի 120 քրեական գործ, 2008 թ. ընթացքում նախապատրաստվել է 524 նյութ, որոնցից 390-ով հարուցվել են քրեական գործեր, 2009 թ. ընթացքում նախապատրաստվել է 771 նյութ, որոնցից 370-ով հարուցվել են քրեական գործեր, 2010 թ. ընթացքում նախապատրաստվել է 895 նյութ, որոնցից 385-ով հարուցվել են քրեական գործեր, 2011 թ. ընթացքում նախապատրաստվել է 913 նյութ, որոնցից 395-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ 2012թ. 9 ամիսների արդյունքներով նախապատրաստվել է 555 նյութ, որից 220-ով հարուցվել են քրեական գործեր:

«Մեր կողմից էապես կարևորվում է նաև կոռուպցիոն բնույթի յուրաքանչյուր գործով հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների բացահայտման ու դրանց կանխման նպատակով միջնորդություններ գրելու պրակտիկան: Եվ ըստ այդմ էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջնորդագրերի բովանդակային որակին, և որ ոչ պակաս կարևոր է այդ միջնորդագրերի քննարկմանը պարտադիր մասնակից լինելը: Սա մի հանգամանք է, որը հաճախ իր նպատակային և իրավակիրառ նշանակությամբ կարող է նույնիսկ տվյալ քրեական գործի լուծումից լինել ավելի նախընտրելի ու արդյունավետ: Նշեմ, որ 2012թ. 9 ամիսների ընթացքում քրեական գործերով և նյութերով ներկայացվել է շուրջ 21 միջնորդագիր:

Կարծում եմ, որ, որպես պարտադիր պայման, մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները պետք է հետևեն, որ այս բնույթի հանցանք կատարած անձինք հնարավորինս շուտ մեկուսացվեն զբաղեցրած պաշտոններից, որի օգտագործմամբ կատարվել է կոնկրետ հանցագործությունը, իսկ նրանց վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացվելուց և այն օրինական ուժ ստանալուց հետո, նրանց հետագա պաշտոնավարումը դադարեցնելու միջնորդությամբ դիմեն համապատասխան իրավասու մարմնին:

Եվ վերջապես մտահոգիչ ևս մեկ կարևոր հարցադրում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերի քննության ընթացքում հաղորդումներ և հայտարարություններ տված անձինք երբեմն այս կամ այն պատճառաբանություններով և երբեմն էլ նաև արտաքին ազդեցությունների հետևանքով հրաժարվում են իրենց հայտարարություններից ու հանցանքը հաստատող իրենց ցուցմունքներիցª իրենց հետագա վարքագծով փակուղու առաջ կանգնեցնելով քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

Այս դեպքերի վերաբերյալ տարբեր խորհրդակցություններում ՀՀ գլխավոր դատախազը հստակ և որոշիչ պարզաբանումներ է տվել և ներկայումս կրկին ուզում եմ նշել, որ անփոփոխ խնդիր է մնում տրված հանձնարարականի կատարումը, ըստ որի` եթե նման դեպքերում քրեական գործի մյուս ապացույցները դառնում են անբավարար, ապա պետք է քննության առնել սուտ մատնություն կատարելու կամ մյուս դեպքում սուտ ցուցմունք տալու համար նման անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Սա առաջին հերթին օրենքի պահանջն է և քաղաքացիներին զերծ կպահի անհիմն մեղադրանքներ ներկայացնելու ու անպատիժ մնալու սովորույթից և կամ իրական փաստերը նենգափոխելու վարքագծից»,-ասել է նա:

Առանձնացնելով նյութերի նախապատրաստման և քրեական գործերի քննության ընթացքում իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող թերացումները, նա նշել է, որ գրեթե համատարած բոլոր նյութերով խախտվում են դատավարական ժամկետները, նյութերը նախապատրաստվում են ձգձգումներով, որոշակի նյութերով չեն ապահովվում նախապատրաստման բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին որոշակի առանձին դեպքերում դատախազին անհապաղ հաղորդումներ չեն ուղարկվում:

«Երկրորդ` քրեական գործերով կատարվող գործողությունները, որպես կանոն, չեն պլանավորվում, առանձին դեպքերում չի ապահովվում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, անհարկի ձգձգվում են նախաքննության ժամկետները: Նախապատրաստվող նյութերի և քրեական գործերի ուսումնասիրություններից պարզվել է, որ դատավարական ժամկետների ձգձգումների պատճառներ են հանդիսացել նաև գործերով նշանակված փորձաքննությունները ուշացումով, իսկ երբեմն էլ նաև մի քանի ամիս տևողությամբ կատարելը, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախապատրաստվող նյութերով ու քննվող քրեական գործերով նշանակված ստուգումներն ու վերստուգումները տևական ժամկետներով կատարելը:

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի, տեղակալի և բոլոր դատախազների, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալի, հետաքննության և քննչական վարչությունների պետերի, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Պարզվել է, որ դատահաշվապահական, տնտեսագիտական փորձաքննությունների ձգձգումների հանգամանքը հիմնականում պայմանավորված է համապատասխան բնագավառի բարձրակարգ մասնագետների պակասով: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ դատական փորձաքննությունների դաշնային կենտրոնի ղեկավարության հետ` համապատասխան մասնագետներին վերապատրաստելու հարցում, ինչի արդյունքում կհամալրվի այդ ուղղությունը և փորձաքննությունների եզրակացությունները կտրվեն հնարավորինս սեղմ ժամկետներում»,-ասել է նա:
 

9 ամիսների ընթացքում 220 նյութի հիման վրա հարուցվել է քրգործ